Եթե դու ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է հարկ վճարես, որովհետեւ չկա հարկ՝ չկա պետություն: Այս մտքի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ միտքն արտահայտվել է ՊԵԿ ղեկավարության եւ պաշտոնյաների հետ հանդիպմանը: Կասկածից վեր է, որ պետական կենսագործունեության բնականոն ապահովման, պետական արդիականացման կայուն ընթացքի, զարգացման, հասարրակական բարեկեցության ապահովման, նաեւ սոցիալական համերաշխության կարեւոր խնդիրը սպասարկելու համար հույժ էական նշանակություն ունի հարկերի պատշաճ եւ ամբողջական, կանոնավոր վճարումը: Սա թերեւս անհերքելի է:
Բայց, անհերքելի է դա, այլ ոչ հարկի եւ պետության գոյության ուղիղ կապը, որովհետեւ կարող է լինել հարկ, բայց դարձյալ չլինել պետություն: Ավելին, ըստ էության պետք է լինի պետություն, որ լինի հարկ: Թող չստեղծվի հավի ու ձվի պատմության տպավորություն, ու չստեղծվի նաեւ հակասական տպավորություն, թե՝ ինչպե՞ս կարող է հարկի լինելը պայմանավորված լինել պետության գոյությամբ, եթե անհերքելի է, որ պետության գոյությունն ու բնականոն զարգացումն է զգալիորեն պայմանավորված պատշաճ հարկատվությամբ: Այստեղ հակասականությունը միայն խիստ առերեւույթ է: Բանը հենց այն է, որ պետության գոյության գրավականը հարկը չէ:
Պետության գոյության գրավականը նախ գաղափարն է, հետո այդ գաղափարի հիման վրա համախոհների ընդլայնումը, նրանց միջեւ խորքային պայմանավորվածությունների, համակեցության արժեհամակարգային հիմքերի ու պպատկերացումների ձեւավորումը: Հարկը համակեցության շուրջ փոխադարձ լայն հանրային պայմանավորվածությունների մի օրինակ է, նյութականացված մի օրինակ, բայց այդ մեխանիզմը՝ համակեցության եւ արդիական պայմանավորվածությունների մեխանիզմը կենսունակ է նախ եւ առաջ փոխադարձաբար ընդունելի մի շարք ոչ նյութական բաղադրիչների եւ հանգամանքների շնորհիվ:
Օրինակ, երբ խախտվում է այդ ամենը, խախտվում է նաեւ հարկային համակարգի հանրային լեգիտիմությունը: Ընդ որում, կան խախտումների տարբեր ձեւեր, սկսած կոռուպցիայից, մինչեւ օրինակ ցինիզմ, երբ պետությունը կարող է քաղաքացիների բարեխղճորեն վճարված հարկերից գոյացած միջոցներից 6 միլիոն դոլար տալ մեղմ ասած հակասական արժեհամակարգային ու նկարագրային մի կերպարի համերգ կազմակերպելու համար, կամ, անել պետական մի շարք այլ ծախսեր, որոնց հանրային ու պետական հիմնավորումները խիստ վիճահարույց են ոչ միայն ֆինանստնտեսական, այլ նաեւ արժեհամակարգային նպատակահարմարության տեսանկյունից:
Այդպիսով, պետությունը պետք է ունենա հասարակական-քաղաքացիական-քաղաքական-մշակութայյին մակարդակում փոխադարձաբար ընդունելի համակեցության հիմքով, որպեսզի այդ հիմքերի վրա արդեն այդ պետության հարկատուների հարկերով ձեւավորվեն եւ զարգանան մնացյալ բաղադրիչները: Այդօրինակ հիմքերի առկայության պարագայում որեւէ կարիք չի լինի համոզել հարկատուներին, բացատրել նրանց, թե հարկը քաղաքացու մի գրպանից մյուս գրպանը գնացող փողն է: Երբ նրանք գործնական կյանում տեսնում են դա, լրացուցիչ վերբալ նկարագրությունների կարիքը գործնականում վերանում է:









































