ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն հունվարի 15-ից 18-ը կայցելի Հայաստան եւ Վրաստան: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարի առկա ջանքերն ու մարտահրավերները եւ կբացահայտի հետագա համագործակցության ոլորտները»: Հետաքրքիր է, որ ամերիկացի «հակակոռուպցիոն» բարձրաստիճան պաշտոնյան չի այցելում Բաքու, այն դեպքում, երբ ռեգիոնում կոռուպցիայի կենտրոնը անկասկած Ադրբեջանն է: Բայց, դա թերեւս պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերության, Ադրբեջանի ուղղությամբ քաղաքականության առումով ԱՄՆ շեշտադրում չի անում ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
Հայաստանի եւ Վրաստանի պարագայում այլ է, եւ այդ հանգամանքը արտացոլվել է նաեւ այսպես ասած Ժողովրդավարության Վեհաժողովի շրջանակում, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը կազմակերպել է արդեն երկու անգամ, դրանց հրավիրելով միայն Հայաստանին ու Վրաստանին: Այդ հանգամանքը սակայն բոլորովին չի նշանակում, որ Նահանգների համար Երեւանն ու Թբիլիսին ունեն առավել մեծ նշանակություն եւ արժեվորում, քան Բաքուն: Ավելին, հենց այն հանգամանքը, որ Բաքվի հետ հարաբերությունները Նահանգները կառուցում է առանց ժողովրդավարական արժեքների ու բաղադրիչների շեշտադրման ծանրության, վկայում է, որ Ադրբեջանն ունի այնքան եւ այնպիսի նշանակություն, որ Վաշինգտոնը ձեռնպահ է մնում ժողովրդավարության, օրենքի գերակայության հարցերի առնչությամբ էական ճնշումներից եւ դրանց մասին հիշեցնում թերեւս միայն «արարողակարգային» կամ «ժանրի կանոնի» տրամաբանությամբ:
Ներկայումս Հայաստան եւ Վրաստան կատարվող այցերը թերեւս ունեն «ռեվիզիայի» նշանակություն, ընդ որում ոչ միայն երկու երկրների հետ ԱՄՆ հարաբերության օրակարգերի իմաստով, այլ նաեւ ռեգիոնալ իրողությունների, այլ կերպ ասած՝ միջազգային օրակարգի: Հայաստանում եւ Վրաստանում «հակակոռուպցիոն» օրակարգը ԱՄՆ համար այս պահին միջազգային քաղաքականության մի գործիք է, որքան էլ առերեւույթ հեռու է այդպիսի ձեւակերպվածությունից: Հայաստանի համար կարեւորն իհարկե կոռուպցիայի դեմ պայքարի գործնական առաջընթաց ապահովելն է, դրա համար օգտագործելով նաեւ արտաքին գործոնները: Կոռուպցիան Հայաստանում ազգային անվտանգության հարց է հռչակել դեռեւս Սերժ Սարգսյանը՝ իր նախագահության շրջանում:
Անշուշտ, հռչակումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը տարբեր բաներ են, սակայն կասկածից վեր է, որ Հայաստանում այսօր էլ բավականին շոշափելի են կոռուպցիոն ռիսկերը եւ դրանց՝ տարբեր պաշտոնյաների, ներիշխանական տարբեր շրջանակների առնչությունը: Բանն այն է, որ Հայաստանում կառավարրման համակարգն իր որակներով ոչ թե փոխվել է անցնող հնգամյակի ընթացքում, այլ պարզապես ենթարկվել բազմազան տրանսֆորմացիայի: Մեծ հաշվով, տրանսֆորմացիայի են ենթարկվել նաեւ կոռուպցիոն ռիսկերը, որովհետեւ Հայաստանում առ այսօր իրականացված չեն տնտեսական ու քաղաքական համակարգային ռեֆորմներ, որոնք ազդեցություն են թողնում արդեն օջախային մակարդակներում՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Մեծ հաշվով այստեղ է, որ առաջանում է Հայաստանի եւ արտաքին դերակատարների մոտեցումների, հետաքրքրությունների կամ շահերի տարբերակում: Օջախային մակարդակում փոփոխությունները Հայաստանի համար են կենսական ու կարեւոր պետական խնդիր, իսկ արտաքին դերակատարների համար դրանք «աննշան» հարցեր են՝ իրենց մեծ օրակարգերում:











































