Անդրադառնալով ՀՀ անկախության ձեռքբերումներին ու գնահատելով մեր քսանամյա անկախության տարիները` «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, սիստեմային վերլուծող Գարեգին Չուգասզյանը մեր երկիրը նմանեցրեց պարսպի, որը չի կարողանում պաշտպանել իր զինվորին: Պետք է յուրաքանչյուրը զգա իրեն պարիսպ: Նրա խոսքով` քսանամյա Հայաստանի ձեռքբերումներն են` Արցախի ազատագրումը, բանակը, և կանգնած ենք դրանք կորցնելու առաջ, դրանց ապագան է վտանգված: Կորցնում ենք մեր մարտունակությունը: Ցածր մակարդակի վրա է գտնվում կադրային կազմի վիճակը:
Անդրադառնալով մշակութային քաղաքականությանը`Չուգասզյանն ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում չկա մշակույթի նկատմամբ հարգանք, դեգրադացիան ընդհանուր է, չկան նորմեր հիվանդության ախտորոշումն այն է, որ ունենք մի քանի ընտանիքների պետություն, մեր երկիրն օրեցօր ընկղմվում է ինքնաթշնամացման ճահիճը: Դա հնարավոր է տեսնել ամենուրեք: Վիճակից դուրս գալու դեղատոմսը, ըստ նրա, Փորք Մհերի վերադարձն է, իր հոր արժանի զավակ լինելը: Կան ուժեր, որոնք իրենց արտահայտում են քաղաքացիական նախաձեռնությունների ձևով: Այս փոքրիկ նախաձեռնությունները ցույց են տվել իրենց ուժը, հասարակական քննարկման նյութ դարձրել բանակի, բնապահպանական, լեզվի հարցերը: Սրանց հիման վրա է հենվելու քաղաքական նոր դաշտը, որը իր ձեռքը պետք է վերցնի երկրի ապագան :
Բոլոր վարչակազմերը պատասխանատվություն են կրում այն վիճակի համար, որի մեջ հայտնվել ենք: Առանց բացահայտելու մարտի մեկը, մենք իրավունք չունենք խոսել արդար ընտրությունների մասին, առանց պատժելու մեղավորներին: «Վերնախավը օտարվել է ժողովրդցի, օտարումը տարածվել է նաև մարդկանց վրա, ովքեր հեռանում են»,- ասաց Չուգասզյանը: Պետք է դատապարտել նրանց, ովքեր ստիպում են մարդկանց լքել իրենց երկիրը: Մեր թշնամիները երազում են իսպառ ոչնչացված տեսնել մեր երկիրը: Ւշխող վարչակազմը պետք է զիջի իր իշխանությունը:
Բանախոսն առաջ քաշեց չորրորդ հանրապետության գաղափարը: «Սարդարապատ» շարժումը մշակում է գաղափարախոսություն: Համակարգի փոփոխությունն օրակարգի խնդիր է, որը առկա է ոչ միայն ՀԱԿ-ի , այլև Դաշնակցության մոտ: Հայաստանում հիմա հեղափոխական իրավիճակ է տիրում: Հենց այդ անցումային շրջաններում է կարևոր գաղափարախոսության մշակումը: Նրա խոսքով` կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ իրենք իրենց պայքարով ստեղծեն անհրաժեշտ պայմաններ, որ առաջ գան այդ ուժերը: Այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահիճի, նորովի մոտեցում է պետք: «Մեր երկիրն այնպիսի խորը փոսի մեջ է հայտնվել, որ պետք է միավորվեն բոլոր ուժերը` որպես դիմադրական շարժում»,- ամփոփեց Չուգասզյանը:










































