Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Մոհամեդ բեն-Զիադի Բաքու այցի շուրջ Ադրբեջանում բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծվել: Որոշ փորձագետներ ուշադրություն են հրավիրում փաստի վրա, որ պաշտոնական տեղեկատվությունը չի բացահայտել բեն-Զիադի պատվիրակության անդամների ինքնությունը: Ադրբեջանական վտարանդիության մամուլի ուշադրությունը հատկապես գրավել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի կողմից տարածված մի լուսանկար. բեն-Զիադի պատվին պաշտոնական ընդունելությանը կրտսեր Հեյդար Ալիեւը մի սեղանի շուրջ արտգործնախարար Բայրամովի եւ արտաքին քաղաքականության հարցերով նախագահի օգնական Հաջիեւի ընկերակցությամբ նստել է ԱՄԷ-ի նախագահի եղբայրների հետ:
Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Քերիմլիի կարծիքով՝ Ալիեւը ձգտում է միապետություն ստեղծել: Real շարժման առաջնորդ Գադիրլին նման հեռանկարը հավանական չի տեսնում, բայց ընդունում է, որ «երկրում դինաստիական իշխանությունը կպահպանվի»: Բաքվի փորձագիտական եւ քաղաքական որոշ շրջանակների Գադիրլիին եւ նրա գլխավորած շարժումը համարում են Մեհրիբան Ալիեւայի քաղաքական պրոյեկտ: Տպավորություն կար, որ նա նախագահի թեկնածու կառաջադրվի: Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին,-նա տեւական ժամանակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ է եղել,- ֆեյսբուքյան գրառում է արել, որ եթե «ղարաբաղյան հաղթանակից հետո Իլհամ Ալիեւը նման տրագիկոմիկ ընտրություններ է անցկացնում, ուրեմն գործերն ավելի վատ են, քան թվում է»:
Գադիրլին կարծում է, որ եզրակացություններ հնարավոր կլինի անել արտահերթ նախագահական ընտրություններից հետո. եթե Իլհամ Ալիեւը որդուն պետական պաշտոն վստահի, դա կնշանակի, որ Մեհրիբան Ալիեւան Ադրբեջանի հաջորդ նախագահ չի դիտարկվում: Որոշ աղբյուրներ խոսում են արտահերթ նախագահական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվեի մեծ հավանականության մասին: Կա կարծիք, որ նա ձգտում է հասնել ,,սահմանադրական միապետության,,՝ պահպանելով իշխող քաղաքական ուժի՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության, գերակայությունը:
Իշխանամերձ մամուլն արդեն «պատմական վկայություն» է շրջանառել, որ Իլհամ Ալիեւը «ժառանգական ուղիղ կապ ունի» Շահ Իսմայիլի հետ, որ սերում էր «թուրքական ակ-կոյունլու ցեղախմբի Ուզուն Հասան առաջնորդի տոհմից»: Ալիեւը Էմիրությունների նախագահին ներկայացել է որպես «արքայատոհմի շառավի՞ղ»՝ այլ խնդիր է: Իրականություն է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների նկատմամբ միջազգային հանդուրժողականությունը կոնսենսուսային է, ոչ ոք այդ երկրներում մարդու իրավունքների եւ քաղաքակրթական ունիվերսալ արժեքների հետ կապված խնդիրներ չի դիտարկում:
Եւ եթե հաջորդ կամ հերթական յոթնամյա լիազորությունների ավարտից մեկ տարի առաջ Ալիեւը «հանրաքվեով» Ադրբեջանը սահմանադրական միապետություն հռչակի՝ բոլորն ընդունել են կատարված փաստը: Այլ հարց է, թե դա ի՞նչ երկր է լինելու կամ, ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են նպաստելու, կամ փորձելու խոչընդոտել «Ուզուն Հասանի թագավորության» ռեինկառնացիային: Այդ համաձայնությունը կամ անհամաձայնությունը լրացուցիչ մարտահրավերնե՞ր է բերելու Հայաստանին, թե՞ մեղմելու է նրա շուրջ ռազմա-քաղաքական եւ ինքնության մարտահրավերները: Ոչինչ, կարծես, անտեսել չի կարելի: Նույնիսկ եթե խոսքն «անիրականանալի վարկածի» մասին է:










































