Աշխարհի նորաձևության ամենաթանկ և հարգի ընկերություններից մեկի` Louis Vuitton-ի նոր տնօրեն կդառնա Danone ընկերության մի անհայտ մենեջեր: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Louis Vuitton-ի ղեկավարությունը ներկայիս տնօրեն Իվ Կարսելի փոխարեն առաջարկել է բոլորի համար անհայտ մի մարդու` Յորդի Կոնստանս անունով, որն աշխատում է յոգուրտ արտադրող ֆրանսիական ընկերությունում: Կարսելի պայմանագիրը լրանում է 2012թ.-ին, հայտնում են թերթի աղբյուրները:
Ամբողջ եկող տարին Կոնստանսը, որը մասնագիտացված է մեկդոլարանոց յոգուրտների արտադրության գործում, անցկացնելու է Կարսելի ղեկավարության տակ, որը նրան կսովորեցնի «մի քանի հազար եվրո արժողությամբ պայուսակների պատրաստման և վաճառման հմտություններին»: Կարսելը, որը Louis Vuitton է եկել 1989թ.-ին Բեռնար Արնոյի հրավերով, փաստորեն հայտնի բրենդը վերակենդանացրել է: Սկզբնական շրջանում նա զբաղեցնում էր ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավարի պաշտոնը, սակայն 1990թ.-ից դարձավ տնօրենների խորհրդի նախագահ և Louis Vuitton ընկերության տնօրեն: 1998թ.-ին Կարսելը գլխավորել է LVMH Fashion Group-ը, որը զբաղվում էր Christian Lacroix, Givenchy, Donna Karan, Kenzo, Fendi ապրանքանիշերի զարգացմամբ: Կարսելի` Louis Vuitton-ի ղեկին լինելու տարիներին ընկերության առևտուրն ավելացել է ավելի քան տասն անգամ, իսկ խանութների քանակը եռապատկվել է:
«Մասնագետները զարմացած են այն հանգամանքով, որ ընկերության ղեկավարությունը Կարսելին փոխարինում է մի մարդով, որը 21 տարի զբաղվում է Danone, Actimel և Activia կաթնային սնունդի վաճառքով»,- գրում է թերթը:










































