Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները, հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն: Դրանք փաստացի Բաքվի պատասխանն են նոյեմբերի վերջին Երեւանի ուղարկած առաջարկ-պատասխաններին, որոնք իրենց հերթին Երեւանի պատասխանն էին դեռեւս սեպտեմբերին Ադրբեջանից ստացված առաջարկներին: Ի՞նչպիսին է այդ «փոխանցումների» բովանդակությունը՝ որեւէ կերպ հայտնի չէ, եւ հանրությունները կարող են կռահումներ անել միայն հրապարակային հայտարարությունների հիմքով:
Միեւնույն ժամանակ այն, որ այս պահին չկան հանդիպումներ որեւէ ձեւաչափում, հուշում է, որ կողմերի միջեւ չկա պայմանագրի տեքստի շուրջ այնպիսի համաձայնություն, որը հնարավոր կդարձնի հանդիպումներն ու դրանց ընթացքում քննարկումները՝ կամ արտգործնախարարների կամ առաջին դեմքերի մակարդակով: Այս ընթացքում Ադրբեջանը բարձրաձայնել է այսպես ասած երկու նոր մոտեցման մասին: Մեկն այն, որ Ադրբեջանը Հայյաստանից ակնկալում է «ռեւանշի» բացակայության եւ տարածքային ամբողջության լիակատար ճանաչման երաշխիք, հավաստիացում, մյուսն այն, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրից տարանջատել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: Պետք է ենթադրել, որ հենց դրանց կառնչվեն Բաքվի վերջին առաջարկները, որոնք ստացել է Երեւանն օրերս:
Եթե Ադրբեջանին հաջողվի խաղաղության պայմանագրի գործընթացում ամրագրել այդ մոտեցումները, ապա դրանք կարող են Հայաստանի համար դառնալ նոր ծուղակ, որ Բաքուն կհյուսի փետրվարին կայանալիք նախագահի ընտրությունից հետո որեւէ արկածախնդրության առիթ ստեղծելու համար, հաշվի առնելով այն, որ 2024 թվականի համար սպասվում է միջազգային բավականին մեծ տուրբուլենտություն, հաշվի առնելով այն, որ տարբեր մակարդակի ընտրական փուլերում են լինելու միանգամից մի քանի խոշոր խաղացողներ: Հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են թեկուզ «փոխանցումով», ինքնին նպաստում է կայունության կառավարմանը, սակայն հենց այդ աշխատանքի բովանդակությունն է գլխավոր հարցի պատասխանը՝ կայունությունը կառավարվում է հավասարակշռված քաղաքական բանակցության համար կարեւոր հենման կետերի ամրացումո՞վ, թե՞ անհավասարակշռության խորացումով եւ լիցքերի «ստորջրյա» կուտակումով:








































