Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է էներգակիրների հիմնախնդրին.
«Էներգակիրների մեկ մատակարար ունենալը մահացու է։ Եթե երկիրն ունի ընդամենը մեկ մատակարար, ապա դա շանտաժի ենթարկելու ամենալավ գործոնն է։ Երբ 2005 թվականին Ռուսաստանը դադարեցրեց Վրաստանին գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, մենք չգիտեինք ինչ անել, քանի որ էներգակիրների 90 տոկոսը ներկրում էինք Ռուսաստանից։ Իսկ այժմ մենք ենք էլեկտրաէներգիա արտահանում Ռուսաստան՝ մեր ներքին ռեսուրսները։
Ավելին՝ երբ Ռուսաստանը փակեց մեր շուկան (Վրաստանի արտահանման շուկայի 70 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին), իմ շրջապատից շատերը կարծում էին, թե մենք կկործանվենք։ Այժմ Ռուսաստանն ինքն է ասում, որ ցանկանում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ինքն է ցանկանում, որ մենք վերադառնանք իր շուկա։ Սակայն դա Վրաստանում ոչ ոքի մոտ խանդավառություն չի առաջացնում։ Այժմ մենք գազի մի մասը ստանում ենք Ռուսաստանից (որպես տարանցման վճար), այժմ մենք ունենք նաև այլ մատակարար (Ադրբեջան)։ Մեր ռեզերվում կան նաև մի շարք այլ մատակարարներ։
Մեզ մոտ ռուսական РАО-ն տիրապետում է մի շարք էլեկտրաընկերությունների, իսկ Итера-ն՝ մի շարք գազաբաշխիչ ցանցերի։ Դրա համար էլ մենք անձամբ չենք կարող շահագործել այդ համակարգերը։ Այդ իմաստով մենք կախված ենք Ռուսաստանից։ Սակայն վերջինս էլ նույն կերպ կախված է մեզանից։ Անգամ պատերազմի ժամանակ մենք չենք դադարել էլեկտրաէներգիա վաճառել Ռուսաստանին։
ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը կոնկրետ տեխնիկական հարց է, որը կապված է ԱՀԿ-ի նորմերի հետ. սահմաններով ապրանքների ու ծառայությունների տեղաշարժի թափանցիկություն։ Այդ իմաստով Ռուսաստանը պետք է կատարի բոլոր նվազագույն պահանջները։ Ոմանք վստահեցնում են, թե Վրաստանը փորձում է դրանով լուծել իր տարածքների օկուպացման հարցը, սակայն դա սխալ է։ Նրանք տեխնիկական խնդիրը քաղաքականացնում են։
Ճիշտ է, մենք ունենք քաղաքական մեծ խնդիրներ, սակայն մենք չենք ցանկանում դրանք խառնել այս հարցի հետ։ Անգամ ներկայիս բանակցություններում Ռուսաստանը հրաժարվում է մեզ պետություն անվանել՝ փոխարենն անվանելով էթնիկ տարածքային միավոր։ Եթե քեզ այդպես են անվանում, ապա պայմանավորվելը բարդ է»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փորձում է ԱՀԿ-ին անդամակցել 1993 թվականից, ինչի վրա շարունակ վետո է դնում Վրաստանը։ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանն ու Վրաստանն այս տարվա մարտի 10-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, ինչը, սակայն, ավարտվեց անարդյունք։
Վրացական կողմը շարունակ առաջ է քաշում աբխազական ու հարավօսական հատվածներում մաքսային անցակետերի օրինականացման հարցը։ Մինչդեռ ռուսական կողմն առաջարկում է այդ խնդիրը քննարկել ոչ թե իր, այլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։








































