«Անկախությունն իրագործվեց ամբողջապես, երբ դեռ կար Խորհրդային Միությունը` իր բոլոր կառույցներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի մասին, նշեց ՀՀՇ վարչության նախագահ, անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը` շնորհավորելով բոլորին և կոչ անելով անկախության կրողը լինել:
Մանուկյանը հիշեց, որ 1991թ. հունվարի17-ին որոշում կայացվեց դիմել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին` հանրաքվեներ կազմակերպելու համար, որպեսզի Խորհրդային Միությունը պահպանվի. «Մենք բարդ վիճակում էինք, 91-ին պատերազմ էր, ծանր վիճակ էր շատ և Հայաստանի Գերագույն խորհուրդը մարտի մեկին որոշում կայացրեց` չմասնակցել այդ հանրաքվեին և կազմակերպել սեփական հանրաքվեն»:
Արամ Մանուկյանը նշեց, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեն միջազգային օրենսդրության շրջանակներում էր, և մասնակցել են շուրջ 120 դիտորդներ` 25 երկրներից: Անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 2մլն 163 հազար 967 քաղաքացուց 2 մլն 56 հազ. 792-ը, որոնցից 2 մլն 42հազ. 617-ը` 94,39 տոկոսը անկախությանը «այո» են ասել: Անկախությանը «ոչ» քվերակել է 10 հազար մարդ:
«Դա մի համազգային տոնախմբություն էր և 2 օր հետո, երբ ամփոփվեցին արդյունքները` սեպտեմբերի 23-ին, ես բախտ ունեցա հռչակելու ՀՀ-ն անկախ պետություն»,- նշեց Մանուկյանը և հավելեց. «Ներող կլինեք, բայց իմ բախտն այս երկրում շատ ավելի է բերել, ես դրանով հպարտանում եմ, բայց դա նաև ծանր բեռ է, որը ես բերում եմ իմ հետ և տալու եմ ինչքան որ հնարավոր է»:
Արամ Մանուկյանը նաև խոսեց անկախության ձեռքբերումների և կորուստների մասին. «Լավագույն ձեռքբերումները երկուսն էին` Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար պայքարն ու արդյունքը, որը ձևակերպվեց 1994 թ. մայիսի 12-ին զինադադարի կնքումով: Եթե մեր երկիրը չլիներ միջազգային սուբյեկտ, մենք Ղարաբաղյան շարժման ընթացքում նման հաջողություններ չէինք ունենա: Երկրորդ ձեռքբերումը` Հայաստանում ժողովրդավարության հիմքերի հաստատումը, և երջանիկ եմ, որ 94-ին միջազգային կառույցները մեզ համարեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ»:
Կորուստների մասին խոսելով` Մանուկյանը նշեց, որ դա այն է, որ ՀՀ քաղաքացին, իր զոհաբերության երկար տարիների պայքարից հետո իր մաշկի վրա չզգաց այն նյութեղեն, իրավական աջակցությունն ու պաշտպանվածությունը, որի հաշվին ինքը պետք է փորձեր ապրել ու զարգանալ իր երկրում. «Միջին հաշվարկով այս տարվա ընթացքում 100 հազար մարդ արտագաղթում է Հայաստանից` դա մի Վանաձոր է, 3 հատ Աբովյան է, 5 հատ սպիտակ է: Եթե տարվա մեջ մենք այդքան կորուստ ունենանք, ապա դա անկախության ու պետականությանկործանումն է»:







































