Realpolitik ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:
– Պարոն Դեմիրճյան, սեպտեմբերի 9-ի հանրահավաքը լեցուն էր բավական լիցքերով, նրա մեկնարկը կարծես նոր թափ է տալիս հանրահավաքային շարժմանը, առավել ևս` որ առկախվել է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Որտե՞ղ ենք մենք այս պահին գտնվում, և պայքարն ընդհանրապես ինչպե՞ս է ընթանալու: Սեպտեմբերի 23-ին արդեն հայտարարվել է նոր հանրահավաք, ինչպիսի՞ արդյունք եք կանխատեսում:
– Միանշանակ ասեմ, որ հանրահավաքները արդեն կսկսեն կրել ավելի ինտենսիվ բնույթ: Սեպտեմբերի 9-ի հանրահավաքի իմ ելույթում նշեցի, որ ի վերջո արդյունք տալիս է հասարակական ճնշումը: Ժամանակին ես նշել եմ, որ պետք չէ առանձնապես մեծ հույսեր կապել երկխոսության հետ, իհարկե, ցանկալի է, որ արտահերթ ընտրությունները նշանակվեն հենց երկխոսության արդյունքում, սակայն դա ես իրատեսական չեմ համարում, վարչախումբը կգնա քայլերի բացառապես հզոր հասարակական ճնշման ներքո: Կլինեն ավելի հաճախակի հանրահավաքներ, իսկ թե ինչու ենք մենք պնդում արտահերթ ընտրություններ անցկացնել` բազմիցս ենք ասել, առաջինը` նախ ընտրությունները կեղծել են և ոչ միայն 2008թ. ընտրությունները, շարունակաբար ընտրությունները մեր երկրում կեղծվում են: Բացառությամբ առաջին նախագահական ընտրությունների և 1999թ. խորհրդարանական ընտրությունների («Միասնություն» դաշինքի հաղթանակը կասկածից վեր էր), մնացած բոլոր ընտրությունները այս կամ այն չափով կեղծվել են, այսինքն` այն, որ կեղծվել են, մասնավորապես վերջին ընտրությունները, արդեն հիմք է նոր ընտրություններ անցկացնելու համար: Երկրորդ` ինչո՞ւ արտահերթ, որովհետև ժողովուրդը բացարձակապես հավատ չունի ընտրական գործընթացների նկատմամբ և չի հավատում հերթական ընտրություններին` համարելով, որ դրանք հերթական անգամ կկեղծվեն: Եվ երրորդ պատճառը` այս վարչախումբը ձախողվել է բոլոր բնագավառներում:
– ՀԱԿ-ն իր գործողությունները նաև արտաքին գործոններով է պայմանավորել և կարծես ԵԽ-ի, նաև ԱՄՆ ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումներում ներկայացրել իր գործողությունները և անելիքները: Հաշվի առնելով այն, ինչ մենք ունենք այսօր` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևը, որտեղ ներկայացվում է, որ Մարտի 1-ի էջը կարելի է համարել փակված, ավելին` փաստորեն երկու այլ կետեր, որոնք ավելի պակաս զարմանալի չեն, արտահերթ ընտրություններ պահանջելու անհրաժեշտություն չե՞ն տեսնում եվրոպացիները, իսկ մյուս խնդիրն այն է, որ եվրոպացիները ուղղակի սկսել են երկրորդել Ս.Սարգսյանի խոսքերը` կապված արտահերթ ընտրության անցկացման նպատակահարմարության հետ: Միջազգային դերակատարների դերը այս փուլում ինչպիսի՞ն կարող է լինել, ի՞նչը կարող է էական փոփոխությունների հանգեցնել մեր երկրում:
– Էական փոփոխության կարող է հանգեցնել միայն հասարակության ակտիվությունը, միայն հասարակական հզոր ճնշումը: Ես չեմ թերագնահատում արտաքին ուժերի ազդեցությունը, բայց բոլոր դեպքերում վճռորոշը սա է: Ինչ վերաբերում է բանաձևին` հուսով ենք, որ բանաձևը այդպիսի տեսքով չի ընդունվի, թեև որևէ երաշխիք չկա: Պարզապես անբարոյականություն է Մարտի 1-ի էջը փակված համարելը : Ի՞նչ է նշանակում համարել փակված, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մեղավորները:
– Հետաքրքիր է` մի կողմից իշխանությունը Մարտի 1-ի գործին նոր թափ հաղորդելու նախաձեռնություն է դրսևորում, իսկ մյուս կողմից` Հայաստանի իշխանական պատվիրակությունը Եվրախորհրդին հրամցնում է մի բանաձև, որտեղ փորձ է արվում Մարտի 1-ի էջը փակված համարել:
– Ո՛չ Մարտի 1-ի էջն է փակված, ո՛չ էլ Հոկտեմբերի 27-ի էջը: Խոսել այն մասին, որ արդար ընտրությունների հիմքեր չկան` պարզապես ծիծաղելի է: Տեղի է ունենում այն, ինչ արդեն տեսել ենք: Հերթական անգամ կեղծում են ընտրությունները, հետո ասում են` պատրաստվեք նոր ընտրությունների, կփոխենք Ընտրական օրենսգիրքը: Այս ամենը ձանձրացրել է բոլորին: Հարցը լուծելու է հասարակությունը:
– Պարոն Դեմիրճյան, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները արդեն լոկալ հանդիպումներ են ունենում տարբեր ազդեցիկ խմբավորումների հետ և նրանց հետ սկսել են բանակցել: Նույնիսկ արդեն հնարավոր արտահերթ ընտրության դեպքում աշխատելու կոնկրետ հանձնարարություններ են հնչեցվում: Որտեղի՞ց այն հավատը, որ թեկուզ արտահերթ ընտրության պարագայում կկարողանանք երկրում իրավիճակ փոխել:
– Այն, որ պետք է իրավիճակ փոխել` կասկածից վեր է: Իսկ թե որտեղից այդ հավատը` ես ասացի հերթական ընտրությունների նկատմամբ հավատ չկա: Արտահերթը, մանավանդ եթե հասնում ես հզոր ճնշման արդյունքում` փոխում է մթնոլորտը, միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվում: Ինչևէ, սա է ճանապարհը, այլ ճանապարհ չկա: Պետք է երկրում անցկացնել ժողովրդավարական նորմալ ընտրություններ, ձևավորել օրինական իշխանություն: Սրանից է պետք սկսել, որպեսզի կանխվի առկա համակարգային դեգրադացիայի գործընթացը:
– Քաղաքական մյուս ուժերի հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում: Օրինակ` ԲՀԿ-ի, որը ինտենսիվ, լոկալ կառույցներ է ստեղծում, երիտասարդության վրա ներդրումներ է անում: Ընդդիմադիր դաշտում գործող մյուս սուբյեկտներին ինչպե՞ս եք վերաբերվում: ՀՅԴ-ն էլ հանրահավաքային շարժում է սկսել:
– Ես որևէ քաղաքական ուժի չեմ ուզում թերագնահատել: Բայց այսօր բոլոր դեպքերում, հասարակության զգալի մասը դա տեսնում է, դա փաստ է` փոփոխության հույսը կապում է ընդդիմության` ՀԱԿ-ի հետ: Ասում են` եկեք, քվեարկեք և դրանով հարցը կլուծվի, բայց հարցը նրանում է, որ եկել են, քվեարկել են, բայց իրենց ձայնը կեղծել են, և երբ որ կեղծել են ընտրությունները` նույն Դաշնակցությունը աչք է փակել դրսևորելով երկակի ստանդարտներ: Մենք պնդում ենք արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ Դաշնակցությունը այդպիսի խնդիր չի դնում:
– Պարոն Դեմիրճյան, ՀԱԿ-ը, որը ընդդիմադիր հասարակական հիմնական տանող ուժն է, այսօր պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների` իր կարողություններով, իր ներուժով:
– Այո՛, կարող եմ ասել թե՛ ՀԺԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը պատրաստ կլինեն: Ես արդեն ասացի, որ արտահերթի դեպքում այլ մթնոլորտ կլինի երկրում, և ժողովուրդը կգա ընտրությունների, ինչը ռեալ նախադրյալներ կստեղծի հաղթելու համար:
– Պարոն Դեմիրճյան, խոսում ենք արտահերթ ընտրության հնարավորության մասին, իշխանությունները շարունակում են թմբկահարել, որ արտահերթ ընտրության հիմքեր չկան, բայց գնալով հասկանում ենք նաև, որ իշխանությունները կարծես երկարաձգում են այս ամբողջ ժամանակը:
– Ժամանակին մենք ասում էինք, որ երկխոսությունը կարող է դառնալ ուղղակի ժամանակ ձգելու միջոց: Իսկ ժամանակ ձգելը, բնականաբար, ձեռնտու է իշխանություններին: Ի դեպ, վերջերս խոսակցություններ են գնում այն մասին, որ եթե ՀԱԿ-ը չշարունակի երկխոսությունը` կմարգինալացվի, սակայն ճիշտ հակառակը` ՀԱԿ-ը կտուժի, կկորցնի իր աջակիցներին, եթե խրվի անվերջ, անպտուղ և անարդյունք երկխոսության մեջ: Ասել եմ և ասում եմ` թե՜ երկխոսությունը, թե՜ նոր քաղաքական մշակույթի ձևավորումը, համակարգային փոփոխությունները, ինչի մասին շատ է խոսվում` պետք է սկսել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց: Խոսքեր պետք չեն, պարզապես պետք են արդար ընտրություններ:











































