Կիպրոսն ու Հայաստանը պետք է պատրաստ լինեն արձագանքելու չնախատեսված մարտահրավերներին։ Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հետ Կիպրոսում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալասը։ Առաջին հայացքից Կիպրոսի նախարարը ասում է մի բան, որն ըստ էության այսօրվա աշխարհում «այբբենական ճշմարտություն» է, եւ ոչ միայն Հայաստանի ու Կիպրոսի համար: Միեւնույն ժամանակ սակայն, արտահայտությունը թերեւս պահանջում է լրացուցիչ ուշադրություն, քանի որ Կիպրոսի պաշտպանության նախարարը հազիվ թե հարկ համարեր Հայաստանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում արտահայտել զուտ «այբբենական ճշմարտություններ»:
Սուրեն Պապիկյանի կիպրական այցի ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության պայմանավորվածություն: Այցը սակայն առավել մեծ ուշադրության թերեւս պետք է արժանացնել քաղաքական համատեքստով: Մասնավորապես, Հայաստանի նախարարի այցը Կիպրոս տեղի է ունենում մի կողմից Կովկասում շարունակվող բարդ իրադրության, մյուս կողմից Միջերկրծովյան գոտում տեղի ունեցող նոր իրողության ֆոնին: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել էր Հունաստան, ինչը խոսում է այն մասին, որ Անկարան թերեւս դիտարկում է Աթենքի հետ հարաբերության կարգավորման անհրաժեշտություն:
Այստեղ իր դերը անշուշտ խաղում է մերձավորարեւելյան լարվածությունը եւ Անկարան թերեւս ակնկալում է միջերկծովյան գոտում ունենալ առավել կայուն եւ վերահսկելի իրավիճակ: Էրդողանի այցից անմիջապես հետո Հունաստանի արտգործնախարարի հետ նախ հեռախոսազրույց, իսկ հետո նաեւ Բրյուսելում ԵՄ ԱլԳ ծրագրի արտգործնախարարների հավաքի օրերին կարճատեւ շփում ունեցավ Հայաստանի արտգործնախարարը: Հունաստանի արտգործնախարարին Միրոզյանը հրավիրել է նաեւ Հայաստան: Միջերկրծովյան գոտում թուրք-հունական հարաբերության առնվազն կայուն դրականությունը թերեւս պետք է առավել հուսադրող լինի նաեւ Կիպրոսի համար, իհարկե Թուրքիայի հետ առկա խնդրի գոյությամբ հանդերձ:
Մյուս կողմից, այս շրջանակում թերեւս ուշադրության է արժանի հույն-բրիտանական լարվածությունը, վերջին օրերի սկանդալը, երբ Ակրոպոլիսի Պարթենոնի տաճարի քանդակների շուրջ վեճի առնչությամբ Բրիտանիայի վարչապետ Սունակը վերջին պահին չեղարկեց Լոննդոն ժամանած Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ կայանալիք հանդիպումը: Ահա այդ ֆոնին հարաբերության կարգավորման համար Աթենք է մեկնում Էրդողանը, թերեւս փորձելով օգտվել իրավիճակից: Հունաստանի հետ արտգործնախարարության մակարդակով շփմանը զուգահեռ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ մեկնում է Կիպրոս, որտեղ համատեղ ասուլիսի ընթացքում Կիպրոսի պաշտպանության նախարարը որոշում է բարձրաձայնել «չնախատեսված մարտահրավերների» պատրաստ լինելու մասին: Եվ այդ ֆոնին էլ թերեւս ուշադրության է արժանի Կիպրոսի սերտ կապը Բրիտանիայի հետ: Արդյո՞ք Լոնդոնը կփորձի օգտագործել այդ կապը՝ հույն-թուրքական հարաբերության «եղանակը» կառավարելու համար:







































