Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԼՂ զինված ուժերի կողմից սեպտեմբերի 12-ին ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կործանման մասին:
Նա նշեց, որ սա աննախադեպ երևույթ էր, քանզի շատ դժվար է պայքարել անօդաչու սարքերի դեմ, որոնք թռչում են հինգ հազար և ավելի բարձրության վրա: Ըստ փորձագետի` սա չի կարելի համարել հայկական զինված ուժերի հերթական հաջողություն, քանզի խոցված անօդաչու սարքը իսրայելական արտադրության «Հերմես 450» է, որը խոցելն, այն էլ ցամաքային տարածքում, չափազանց դժվար է:
Հովհաննիսյանի գնահատմամբ` ցամաքային տարածքից նման սարքերի կործանումը բացառիկ երևույթ է, և բացառված չէ, որ ռազմական պատմության մեջ նոր էջ է բացում` նման սարքեր խոցելու առումով: Փորձագետի խոսքերով` անօդաչու սարքը խոցվել է հայկական արտադրության սարքերով, ինչն էլ վկայում է , որ հայաստանյան ռազմական արդյունաբերությունը մեծ պոտենցիալ ունի:
Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հաճախակի են խախտում հայկական սահմանը, և դրանք, որպես այդպիսին, մեզ համար անմիջական վտանգ չեն ներկայացնում, սակայն հետախուզություն են կատարում, վտանգը դրանում է: Փորձագետի տեղեկացմամբ` Ադրբեջանը երեք մոդելի նման սարքեր ունի` յուրաքանչյուրից մոտ մեկ տասնյակ:
Ռազմական փորձագետն այս իրադարձությունը որակեց պետական սահմանի խախտում և նկատեց, որ միջազգային ռազմական կառույցները հաստատ արձագանքելու են, որովհետև ինչքան էլ նրանք փորձեն քաղաքական դիտանկյունից` չսրել իրավիճակը, ռազմական տեսանկյունից` սա բացառիկ երևույթ է և արձագանքելն անհրաժեշտ է:
Այդուամենայիվ, ըստ Հովհաննիսյանի, միջազգային հանրության քննադատությունները Ադրբեջանի վրա չի ազդում. <Ադրբեջանին միայն այս լեզվով են հասկացնում, միայն շեշտակի ռազմական պատասխանով>:









































