ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանը այսօր գումարեց առաջին հարցուպատասխանը: Հարցուպատասխանին գրանցվեցին վեց պատգամավոր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դեպի Ստեփանակերտ ուղևորվելիս Մեղրիի հատվածում անմարդաբնակ վայերով անցնելիս նկատել է, որ մի քանի տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ դուրս էին եկել, այսպես ասած, արտագնա աշխատանքի՝ թուզ և նուռ հավաքելու:
Պատգամավորը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի «իրական ակտի վրա են գտնվել այդ վայրերում», և այդ թուզն ու նուռը որտեղ են իրացնում: Նախարարը պատասխանեց, որ այդ աշխատանքներն իրականացվել են դատապարտյալների աջակցության հիմնադրամի միջոցով, որը նպաստում է, որ նախկին դատապարտյալները աշխատանք ստանան:
Այդպիսի մի քանի ոլորտներ կան՝ ձեռքի աշխատանքներ, քարի, հացի արտադրություն, հիմնադրամը նաև գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում: Ինչ վերաբերում է աշխատավարձին՝ նշեց, որ նվազագույն աշխատավարձից ոչ պակաս են ստանում:
Մեկ կարևոր դիտարկում ևս. Հովիկ Աբրահամյանը այդ հարցից հետո նկատեց. «Թովմասյան, թզի գործով եք զբաղվում»:










































