Համազգային թատրոնի հիմնադրման քսանամյակը ազդարարվելու է վաղը` հոբելյանական թատերաշրջանի մեկնարկով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը ներկայացրեցին քսաներորդ թատերաշրջանի այն անակնկալները, որոնք պատրաստել են հայ հանդիսատեսի համար:
Ինչպես տեղեկացրեց Վ. Մկրտչյանը, քսանամյա հոբելյանը Համազգային թատրոնը մեծ շուքով կնշի գարնանը: «Մենք նոր թատերաշրջանը սկսում ենք պրեմիերաների հեղեղով: Առաջին պրեմիերան` Վիգեն Ստեփանյանի բեմադրած պիեսը, կլինի վաղը»,- ասաց Վ. Մկրտչյանը` նշելով թատրոնի ամենամեծ խնդրի մասին: «Մեր ամենամեծ խնդիրը տանիք չունենալն է: Շատ հաճախ ասում են, թե մարդիկ ենք, որ շենք ենք ուզում, բայց այդպես խոսելը սխալ է: Շատ ճիշտ կլինի, որ դերասաններն ունենան իրենց տանիքը, երբ մենք շենք ենք խնդրում, մեզ համար չենք խնդրում, այլ այն նոր սերնդի, որն այստեղ աշխատում է»,- ցավով խոսեց Համազգային թատրոնի տնօրենը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը հիշեցրեց, որ «Տարիներ առաջ սովետական կառավարությունը` Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ, որոշեց շենք կառուցել, մի հրաշալի շենք: Թատրոնը ամեն իմաստով պետք է դասական լինի և շենքն` առավել: Սակայն, ցավոք սրտի, չստացվեց այդ շենքի կառուցումը»,- ասաց Ս. Սարգսյանը` հավելելով, որ ռեստորանների համար տեղ կա, բայց ոչ թատրոնի:
«Դիմել եմ բոլոր նախագահներին, բայց` ոչ մի պատասխան: Մենք շատ մտահոգ ենք, որովհետև կենվորի կարգավիճակում ենք: Մի քիչ լավացել է վերաբերմունքը թատրոնի նկատմամբ, բայց իշխանավորնեը չեն հասկանում, որ առանց մշակույթի պետություն չի ստեղծվի, առանց թատրոնի` նույնպես»,- եզրափակեց Սոս Սարգսյանը:











































