ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել են «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:
«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր: Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզներն ու ժամանակագրական աղյուսակներն ի ցույց են դնում պետական համակարգի, երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքը:
Առանձին բաժնով ցուցադրվում են հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին: Հայազգի մարշալների, գեներալների, սպաների և զինվորների անձնական իրերն ու փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու պարգևները ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի հերոսական ներդրման խոսուն վկայություններն են:
Ներկայացված են նաև հետպատերազմյան Հայաստանի տնտեսական, մշակութային կարևոր իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր և ցուցանմուշներ:
«Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունն ամփոփում է Հայաստանի անկախության կայացման ճանապարհը` 1988-ից սկսած:







































