Իրանի նախագահի նախկին խորհրդական Հոջաթոլիսլամ Ալի Սամարին, իրանական Fars գործակալության հետ զրույցի ընթացքում անդրադառնալով օրեր առաջ կառավարության շրջանակում բացահայտված 3 միլիարդ դոլարին համարժեք կոռուպցիային, հայտարարել է. «Կառավարության մեջ ներթափանցած դավադիրները փորձում են ամեն գնով տիրանալ երկրի շահույթաբեր կենտրոններին, ինչպիսիք են ավտոարտադրության պետական ընկերությունը՝ «Իրան Խոդրոն», զբոսաշրջության տարածքներն ու դրանց կապվող բոլոր հյուրանոցները, տնտեսական ազատ գոտիները և այլն:
Դավադիրները, օգտագործելով կառավարական համակարգը, սեփականաշնորհման պատրվակով տիրանում են բոլոր կառույցներին և արդեն անցել են փողերի լվացման աշխատանքին»։
Սկանդալային դարձած այս կոռուպցիոն բացահայտման արդյունքում կրկին հարցականի տակ է հայտնվել նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի գործունեությունը: Իրանական Mehr գործակալությունը մի բացահայտող հրապարակման մեջ ներկայացրել է Ռահիմ Մաշայիի նամակներից մեկը, որում վերջինս պետական պաշտոնյաներին հորդորել էր արագացնել պետական գործարանների սեփականաշնորհման գործը:
Իրանական Tehran Emrooz օրաթերթն էլ իր բացառիկ բացահայտմամբ հայտարարել է, որ հիշյալ 3 միլիարդ դոլարից 2 միլիարդ դոլարը դուրս է հանվել Իրանից, և միայն 1 միլիարդ դոլան է երկրում սպառվել:










































