Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական թեկնածու, ՄԱԿ-ում Ամերիկայի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել մեծ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը չպետք է թույլատրի, որ Ռուսաստանը վերականգնի իր ազդեցությունը տվյալ տարածաշրջանում։
Ընդ որում, Բոլթոնը հենվում է Վլադիմիր Պուտինի այն խոսքերի վրա, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աղետն է։ Բոլթոնը կարծում է, որ Պուտինի այս խոսքերն ուղղակիորեն կապված են Հարավային Կովկասի, այսինքն՝ տվյալ տարածաշրջանը Մոսկվայի ազդեցության գոտու տակ պահպանելու ձգտման հետ։
Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում պետք է աջակցի Ադրբեջանին, քանի որ այդ հակամարտությունում, Ադրբեջանից ու Հայաստանից բացի, գոյություն ունի նաև երրորդ կողմը՝ հայամետ Ռուսաստանը. «ԱՄՆ-ը չպետք է մոռանա Վրաստանի հետ Ռուսաստանի պատերազմի մասին։ Ռուսաստանը, տարածաշրջանում մեծացնելով իր ազդեցությունը, փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը»։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին էլ Բոլթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Ադրբեջանին. «Հաշվի առնելով դեպի Սև ծով Ադրբեջանի նավթագազային պաշարների ելքը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի կարևորությունը և Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Ադրբեջանին, սակայն ակնհայտ է, որ ղարաբաղյան սառեցված հակամարտությունը մի փոքր դժվարացնում է դա։
ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Ադրբեջանին զգալի օգնություն ցուցաբերելու հարցում, քանի որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում վերականգնել իր ազդեցությունը։ 2008 թվականին Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակվելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձգտում է տարածաշրջանում վերականգնել իր ազդեցությունը։ Դրա համար էլ մենք պետք է մեծացնենք Ադրբեջանի հանդեպ մեր ուշադրությունը»։











































