Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գրոհայինների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են: Ահաբեկիչները, ովքեր այսօր հարձակում էին գործել Աֆղանստանի պետական հաստատությունների և օտարերկրյա դեսպանատների վրա, հաջող դիմադրություն են ցույց տալիս անվտանգության ուժերին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 4 գրոհային այժմ գտնվում է բարձրահարկ մի շենքում, ընթանում է փոխհրաձգություն, իսկ իրավապահները մեծ զգուշավորություն են ցուցաբերում, քանի որ ահաբեկիչները հնարավոր է մահապարտներ են և ցանկացած պահի կարող են պայթեցնել իրենց:
Այս պահին սպանվել է երկու խաղաղ բնակիչ, երկու ոստիկան և երեք ահաբեկիչ: Կան տասնյակ վիրավորներ:
Հիշեցնենք, որ այսօր Քաբուլի այն շրջանում, ուր տեղակայված են երկրում հավատարմագրված դեսպանատները առնվազն վեց հզոր պայթյուններ են գրանցվել, որից հետո սկսվել է գրոհայինների հարձակումը: Պայթյունների պաատսխանատվությունն արդեն ստանձնել «Թալիբան» խմբավորումը: Ինչպես հայտարարել են թալիբները, խմբավորման նպատակն է եղել կառավարական շինությունների և հատուկ ծառայությունների գրասենյակների վրա հարձակում գործելը:











































