Հայաստանյան զենքի խանութներում հնարավոր է գնել զենքեր՝ սկսած 80 հազար դրամից` մինչև 800-850 հազար դրամ արժողությամբ: Զենքի խանութներում հնարավոր է գնել միայն քաղաքացիական, ավելի շատ` որսորդական հրացաններ կամ կարաբիններ: Ռազմական նշանակության զինատեսակների վաճառքը մեզանում արգելված է:
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով զենք կարող են գնել 18 տարեկանից բարձր, մշտական գրանցում ունեցող, դատվածություն չունեցող անձինք: Զենք գնել ցանկացող անձը պարտավոր է ներկայացնել «փսիխո» ու նարկոլոգիական տեղեկանքներ, 6000 դրամ պետտուրք և Որսորդմիության անդամատոմս:
«Եթե ինչ-որ մեկն առանց Որսորդմիության անդամատոմսի ձեռք բերի զենք, ապա նրան կտրվի միայն որսորդական ակոսափող կամ համակցված հրազեն պահելու թույլտվություն: Միայն տոմսի առկայության դեպքում տվյալ անձը կկարողանա կրել ու պահել զենքը, այսինքն` կկարողանա օգտագործել այն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սաֆարի» որսորդական խանութի կոմերցիոն տնօրեն Արսեն Հունանյանը:
Թե մեզանում հատկապես ի՞նչ խավ է նախընտրում գնել զենք, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ մարդկանց մի մասը զենք գնում է այն ունենալու համար, մյուս մասը` հատուկ որսորդությամբ զբաղվելու համար: Ինչ վերաբերում է ատրճանակների վաճառքին, ապա դրանց վաճառքը ՀՀ-ում արգելված է` թույլատրվում են միայն գազային և սպորտային` օդամուղ ատրճանակներ, իսկ ակոսափող մարտական ատրճանակները հիմնականում տրվում է որպես պարգևատրում կառավարության, ոստիկանության և բանկային կամ պահակային ծառայություն իրականացնողներին:
Գազային ատրճանակները բոլորի համար հասանելի են, գնել ցանկացողները ներկայացնում են այն նույն փաստաթղթերը, ինչ հրացան ձեռք բերելիս: Խնդիրը միայն այն է, թե ինչի՞ համար են գնում` գազային ատրճանակները նախընտրում են հիմնականում ինքնապաշտպանության նպատակով, կրակել սովորել ցանկացողները ձեռք են բերում օդամուղ հրացան կամ ատրճանակ:
Այն հարցին, թե ի՞նչ զինատեսակներ են նախընտրում մեզանում, վերջինս պատասխանեց, որ հրազեն գնելիս զենքի սիրահարների մեծ մասը նախապատվությունը տալիս է ռուսական ու եվրոպական զինատեսակներին, թեև վերջին երկու տարում էմբարգոյի պատճառով դրանք Հայաստան չեն ներկրվում: «Դրանք հիմնականում իտալական հարթափող և ակոսափող Benelli, Fabarm հրացաններն են և մի քանի գերմանական ակոսափող հրացաններ` Antonio Zoli, Browning: Դրանք արդեն երկու տարի է` շուկայում չկան»,- նշեց նա` ընդգծելով, որ վաճառքում կան նաև թուրքական արտադրության հրացաններ: Մեզ հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ զենք ձեռք բերել ցանկացողների 70 տոկոսը գնում է հիմնականում ռուսական արտադրության հրազեններ: «Ընտրությունը սակավ է Հայաստանում»,- նշեց Ա. Հունանյանը:
Ի դեպ, անհատն անգամ մեծ ցանկության դեպքում դրսից չի կարող զենք ներկրել:








































