Ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությունը: Ավինյանը քաղաքապետ ընտրվեց հայհոյախոս հայտնի անձնավորության ձևավորած քաղաքական ուժի շնորհիվ, որը հայտնվեց Երևանի Ավագանում: Հոկտեմբերի 13-ին էլ Բաքվում սկսել է ամիսներ առաջ Հակարիի անցակետից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, որին դատում են լոկ այն բանի համար,որ նա ապրել է Արցախում և առաջին արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանը: Այս երկու իրադարձությունները միմյանց հետ չունեն ուղիղ կապ, բայց դրանց բովանդակությունն ու «զուգահեռը» ուղիղ ձևով ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանի հասարակական-քաղաքական և պետական կյանքը համարժեք այն մարտահրավերներին և իրողություններին, որ կան Հայաստանի շուրջ և ծավալվում են:
Իհարկե Երևանում պետք է ձևավորվի իշխանություն, պետք է կառավարվի Հայաստանի մմայրաքաղաքը, իհարկե չի կարող կանգ առնել կառավարումը որևէ մակարդակում: Այդ ամենն՝ անխոս: Բայց, դրանով հանդերձ,, անխոս է նաև այն, որ Հայաստանի կառավարման գործընթացն ու արդյունքն այսօր մեղմ ասած հեռու է այն աստիճանից, որ կապահովի Հայաստանի և նրա քաղաքացիների համապարփակ անվտանգությունը: Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս ունեցել են մի նպատակ՝ տեսնել ծաղկուն Երևան ու երջանիկ երևանցի, երդմնակալության արարողությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այստեղ կա որոշակի տարօրինակություն, որովհետև նույն ինքը վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում տված հարցազրույցում՝ սեպտեմբերի 11-ին, քվեարկությունը կապում էր անկախության ու ինքնիշխանության հետ, ոչ թե ծաղուկ Երևանի ու երջանիկ երևանցու: Եվ դրանից զատ, ի՞նչ կարծիք պետք է ունենալ երևանցիների մասին,մտածելու համար, որ նրանք կարող էին ծաղկուն ու երջանիկ քաղաքաբնակի չափանիշով քվեարկել մի ճակատագրական ու բախտորոշ շրջանում, երբ ծայրահեղ ծանր վիճակ էր Արցախում՝ դեռ չէր եղել սեպտեմբերյան ագրեսիան, և բավականին բարդ վիճակ էր Հայաստանի սահմաններին, որտեղ վտանգի գերբարձր աստիճանի մասին հայտարարել էր հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, երևանցիների ավելի քան 70 տոկոսը չի գնացել ընտրության, հենց այն համոզումով, որ այդ ընտրությունը որևէ կապ չունի ծաղկուն ու երջանիկ հեռանկարների հետ, և կապ չունի այն իրողությունների ու մարտահրավերների հետ, որ կանգնած են եղել ու կանգնած են Հայաստանի առաջ: Այդ 70 տոկոսն է Երևանի անցած ընտրության և Հայաստանի ներկայիս գլխավոր ցուցիչը:










































