Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, թե, չնայած կան ուժեր, որոնք Հայաստանը փորձում են դարձնել Արևմուտքի գործիք ընդդեմ Ռուսաստանի, այդուհանդերձ ինքը համոզված է, որ հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը շարունակում է լինել հայ և ռուս ժողովուրդների ջերմ բարեկամության կողմնակից: Չմտնենք Արևմուտքի և Ռուսաստանի պայքարի «գործիքակազմի» դաշտ, իր քաղաքական նրբերանգներով: Քաղաքական հարցերը, այդ հարաբերության, Հայաստանի համար դրա մարտահրավերների և խնդիրների առնչվող հարցերին անդրադառնում ենք ամենօրյա պարբերականությամբ: Տվյալ պարագայում դիտարկենք այն, ինչ ժողովուրդների բարեկամության մասին ասում է Լավրովը: Նա իհարկե ճիշտ է ասում, հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ռուս ժողովրդի հետ ջերմ բարեկամության կողմնակից է:
Պարզապես, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության միջև խրվող առաջին և գլխավոր սեպը դա Ռուսաստանի քաղաքական վերնախավն է՝ իր ռեգիոնալ քաղաքականությամբ և առաջնահերթությունների սահմանումով, և հետո միայն այդ հանգամանքը սեփական շահերին ծառայեցնել փորձող այլ շրջանակներ: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը վտանգողը առաջին հերթին Ռուսաստանի ներկայիս իշխող համակարգն է, իր քաղաքական և տնտեսական շահերով և այդ շահերի բարձրությունից Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը, շահերը, անվտանգությանն առնչվող հարցերը ոտնահարելով: Չնայած այդ ամենին, հայ ժողովուրդը շարունակում է մնալ ռուս ժողովրդի հետ ջերմ բարեկամության կողմնակից և կրող, ինչի վառ վկայությունն այն է, թե Հայաստանում ինչպես են բաց ընդունել Ռուսաստանից այստեղ տեղափոխված տասնյակ հազարավոր քաղաքացիներին, և ինչպես են հյուրընկալ ընդունում Ռուսաստանից Հայաստան եկող հարյուր հազարավոր ռուսաստանցի զբոսաշրջիկների:
Այլ կերպ ասած, ռուսական տնտեսա-քաղաքական իշխող վերնախավին չի հաջողվում քանդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, թեև այդ վերնախավը առ այսօր շարունակում է իր այդ քաղաքականությունը, միաժամանակ ձգտելով դրա համար պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա, այդ հարցում գործելով ցինիզմի կանոնների և «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքի տրամաբանությամբ: Պետք է հայ և ռուս ժողովուրդներին մաղթել տոկունություն, համառություն, կամք և իմաստնություն՝ Ռուսաստանի տնտեսա-քաղաքական վերնախավի համառ ջանքին հակազդելու և բարեկամության թելը չկտրելու հարցում, որովհետև դրա կտրվելը որևէ լավ բան չի կարող խոստանալ թե Հայաստանին, թե Ռուսաստանին:








































