Հոկտեմբերին նախատեսվում է ավարտին հասցնել Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունը, որից հետո նախատեսվում է Երևան-Ստեփանակերտ չվերթ իրականացնել: Նկատենք, որ այս չվերթն ավելի վաղ էր նախատեսվում, սակայն հետաձգվեց: Նշենք նաև, որ ադրբեջանական քաղավիացիայի վարչությունից ահաբեկել էին հայկական կողմին, թե նման չվերթի իրականացման պայմաններում իրենք կոչնչացնեն հայկական ինքնաթիռները:
«Առաջին լրատվականը» փորձեց ճշտել, թե որքանո՞վ է անվտանգ Երևան-Ստեփանակերտ չվերթի իրականացումը: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի վտանգ լինել չի կարող, և այդ օդային ճանապարհը պետք է աշխատի. «Եթե վտանգի մասին խոսենք, ապա շատ ավելի վտանգված կլինեն Նախիջևան-Գյանջա, Նախիջևան-Բաքու թռիչքները, որոնք գնում են Հայաստանի վրայով, քան թե Երևան-Ստեփանակերտը»:
Շիրխանյանը նշեց, որ Երևան-Ստեփանակերտ չվերթը իրականացվելու է հայկական տարածքով և հայկական ինքնաթիռները ադրբեջանական որևէ տարածքով չեն անցնելու:
Շիրխանյանի խոսքերով, միակ խնդիրն այն է, որ ավիացիայի միջազգային գործակալությունում դեռևս հստակորեն կարգավորված չէ օդային միջանցքի օգտագործումը: Նրա տեղեկացմամբ` Հայաստանը պաշտոնապես դիմել է ավիացիայի միջազգային գործակալությանը՝ օդային միջանցքի օգտագործման համար ձևակերպել համապատասխան թույլտվություն, սակայն մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է համաձայնության գալ. «Ադրբեջանը բողոքում է, որ ԼՂ-ն, Լաչինը ադրբեջանական տարածք են, և այդ տարածքների վրայով ինքնաթիռներ չպիտի թռչեն, ինչն անհեթեթ բողոք է, և հայկական օդանավերը շատ հանգիստ կարող են չվերթ իրականացնել այդ տարածքում»:










































