Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Կոլումբիայի համալսարանի ուսանողներին հրավիրել է ճաշի: Այս մասին գրում է Columbia Spectator-ը: Ճաշի են հրավիրվել Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների խորհրդի և ընկերակցության (CIRCA) 15 ուսանող, մի կազմակերպություն, որն իրենից ներկայացնում է ՄԱԿ-ի համալսարանական մոդելը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիմնական քննարկումների սկսվելու օրը:
Հանդիպմանը հրավիրվել է նաև համալսարանի ռեկտոր Լի Բոլինգերը: Նրան հրավիրել են, չնայած Բոլինգերը 2007 թ. Ահմադինեժադի՝ համալսարան այցելության ժամանակ նրան անվանել էր «ճղճիմ և դաժան բռնակալ»: Fox News-ի տվյալներով` դրան ի պատասխան նախագահը ռեկտորին մեղադրել էր իրեն վիրավորելու և հյուրերի հետ շփվել չկարողանալու մեջ:
Չնայած Բոլինգերը համաձայն չէ Ահմադինեժադի քաղաքականության հետ, նա 2007 թ. հրավիրել էր Իրանի առաջնորդին, որպեսզի համալսարանում քննարկումների ժամանակ իրար բախվեն մի քանի տարբեր կարծիքներ: Դրա համար ռեկտորը ենթարկվել է սուր քննադատության, որն ուժգնացել է այն բանից հետո, երբ իր ելույթներից մեկի ժամանակ Մահմուդ Ահմադինեժադը ևս մեկ անգամ կասկածի տակ է դրել Հոլոքոստը և ԱՄՆ իշխանություններին մեղադրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները պլանավորելու մեջ:
Ուսանողները դեռևս վերջնական համաձայնություն չեն տվել Իրանի նախագահին, սակայն, ըստ CIRCA-ի փոխնախագահի, ուսանողները խանդավառությամբ են ընդունել Ահմադինեժադի հրավերը:









































