ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր, խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների և ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի մասին, նշեց, որ սեպտեմբերի 9-ի հանրահավաքի ընթացքում հստակ մեխերը նշվեցին, հարցերը կոնկրետացան: Սարգսյանն ասաց, որ ևս մի քանի օր ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կմնա առկախված, այնուհետև կհամարվի ավարտված.
«Իշխանություններին բավական ժամանակ տրվել է` հետևություններ անելու, մենք սեպտեմբերի 23-ին հանրահավաք ունենք և ակնկալում ենք ժողովրդական մեծ ալիք, ինչը ապահովվում է թե ՀԱԿ-ի նկատմամբ ժողովրդի վստահությամբ, թե իշխանությունների նկատմամբ դժգոհությամբ»:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ պետք է ողջունել նոր մշակույթի ձևավորումը` երկխոսությունը, որը առաջ քաշվեց իշխանության կողմից. «Այսօրվա դրությամբ մեկ անձի իրավական դաշտի հետ կապված խնդրի պատճառով կարիք չկար առկախել երկխոսությունը: Դա ՀԱԿ-ի խնդիրն է, բայց ես լիազորված չեմ իշխանության անունից հայտարարել, որ երկխոսություն այլևս չի լինի»:
Այվազյանը նշեց, որ երկխոսության դադարեցման պարագայում իշխանությունը շարունակելու է իր աշխատանքը և միակ բանը, որ կորցնելու է միասնական համաձայնությամբ ժողովրդին հուզող հարցերի լուծման ճանապարհներ գտնելն է. «ՀԱԿ-ն ասում է` Առաքելյանին բռնել եք, մենք ձեզ հետ չենք խոսի, ժողովրդի հերն էլ անիծած»:







































