Այսօր Ազգային Ժողովի աշխատանքների մեկնարկին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե արդյոք ԱԺ-ն նպատակահարմար չի՞ գտնում պահպանել պարիտետը, և, ինչպես Թուրքիան արեց, հանել ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները: Ինչին ի պատասխան` Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի իրավասությունների տիրության տակ:
Նրա խոսքերով` Թուրքիայի խորհրդարանի օրակարգից «հանվել է-չի հանվել», արվել է ուղղակի թուրքական օրենքների համաձայն` երբ նոր պառլամենտ է ձևավորվում, նախորդ պառլամենտի օրակարգում եղած հարցերը դուրս են մնում: «Հայաստանի նախագահը ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին, և նախագահին հուշելու կամ առաջարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Եթե այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը չառաջարկի օրակարգում ընդգրկել հայ-թուրքական արձանագրությունները, համոզված եմ, որ Հայաստանի նախագահը ճշգրիտ և ժամանակին որոշում կկայացնի»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:
Սակայն Արմեն Ռուստամյանը պնդեց, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնակարգի համաձայն, դա նշանակում է, որ արձանագրություններն իրենց ուժը կորցրել են և դարձյալ պետք է նախաձեռնել օրակարգ ընդգրկելու ընթացակարգ: Հիմնավորելով, որ հիմա այդ գործընթացը նրանք կարող են օգտագործել անհրաժեշտ քարոզչություն իրականացնելու համար, և, որպեսզի մենք պարիտետը պահպանենք, Ոուստամյանն առաջարկում էր, որ նախագահը կասեցնի դրանք. «Մենք քննարկենք իրար հետ, և, եթե հնարավորություն կա նման առաջարկով դիմել, կողքից խորհուրդ տալը չի խանգարի»:
Ամեն դեպքում` Հովիկ Աբրահամյանը կրկնեց, որ եթե Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի օրակարգում չընդգրկի արձանագրությունները, ապա Հայաստանում համապատասխան որոշում կկայացվի: «Ինչ վերաբերում է հարցը քննարկելուն, ապա ես միշտ պատրաստ եմ յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկում անել, որոշում կայացնենք: Եթե կոալիցիոն բոլոր գործընկերները, բոլոր ֆրակցիաները կորոշեն, որ անհրաժեշտություն կա դիմել հանրապետության նախագահին, ես պատրաստ եմ դիմել, ձեր ցանկությունը իրականացնել»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:









































