«Օսմանյան արխիվներում, ամենայն հավանականությամբ, չկան հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` խոսելով «Թուրքիան վերացնում է հայկական հարցի վերաբերյալ արխիվները» թեմայի շուրջ: «Wikileaks-ի տարածած հաղորդագրությունը կարելի է բաժանել երկու մասի` թուրք հայտնի պատմաբանն էր նշել իր աշխատություններում, որ արխիվները մաքրագործվել են և օսմանյան մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ հրաման է եղել ոչնչացնել և այրել բոլոր հետքերը»,- տեղեկացրեց թուրքագետը` հավելելով, որ արխվների լուրջ ուսումնասիրությունը կարող է բացահայտել թուրքական տեսակետի սնանկությունը:
Մեկնաբանելով, թե ինչ են իրենցից ներկայացնում թուրքական արխիվները` Ա. Հովհաննիսյանը նշեց, որ դրանք բազմաթիվ անգամներ վերակազմավորվել են: «Այստեղ կան սուլթանի, վեզիրի գրագրություններ, այսինքն` պաշտոնական փաստաթղթեր, և չեն կարող լինել Հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր»,- ասաց թուրքագետը` ընդգծելով, որ օսմանյան պրակտիկայում հայերին վերաբերող հրամանները եղել են բանավոր և կոդավորված նամականիների տեսքով, որոնք անմիջապես այրվել են: Ա. Հովհաննիսյանը հավաստեց, որ, իհարկե, թուրքական արխիվներն արժեքավոր են, բայց դրանք պատմական բեկումնային փոփոխությունների չեն բերի, քանի որ հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր կան, բայց ոչ այս արխիվներում:









































