Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Լիբիայի հակամարտության բոլոր կողմերին ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ և զգուշացրել, որ եթե առաջիկայում երկրում չվերականգնվի կարգուկանոնը, ապա կարող են սկսվել հարձակումների և վրեժխնդրության գործողություններ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ իրենք ունեն փաստեր, որոնք ապացուցում են Քադաֆիի բանակի կողմից կատարված հանցագործությունները: Ապստամբներն էլ իրենց հերթին զերծ չեն մնացել նման գործողություններից: Նրանց, մասնավորապես, վերագրվում են մարդկանց առևանգումներ, չարդարացված ձերբակալությունների իրականացում, օտարերկրացիներին կտտանքների ենթարկելու ու սպանությունների փաստեր: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Լիբիայի անցումային կառավարությանը` հետաքննել ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են երկու կողմերի մասնակցությամբ, ինչպե նաև լուրջ ուշադրություն դարձնել երկրում մարդու իրավունքների վրա: