Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Երևանում ընդունել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Այդ տեղեկությունը բնականաբար չէր կարող զբաղեցնել հանրային էական ուշադրություն, որովհետև ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Սոթքում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակի ուղղությամբ: Սակայն, նույն այդ օրը կառավարության ղեկավարի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը ամենևին երկրորդական իրադարձություն չէ, մեղմ ասած: Ավելին, լայն իմաստով բոլորի համար է պարզ, որ Հայաստանի պաշտպանունակության հեռանկարները էապես կախված են տնտեսական հեռանկարներից, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կազմակերպություն է, որը մեծ դեր ունի թե համաշխարհային տնտեսական, թե քաղաքական քարտեզի վրա, և այդ համատեքստում նաև անկախությունից ի վեր Հայաստանի համար եղել է տնտեսա-քաղաքական առանցքային գործընկերներից մեկը, Հայաստանի տնտեսության համար հսկայական ռեսուրսների աղբյուրներից մեկը, մակրոտնտեսական և դիամավարկային կայունության ապահովման հարցում առանցքային գործընկերներից մեկը:
Ահա այդ իմաստով, Փաշինյան-Ազուր հանդիպումը այսպես ասած չունենալով «անշլագային» խորագիր, այդուհանդերձ թերևս խորքային նշանակություն ունեցողներից մեկն է՝ հատկապես ներկայիս թե տնտեսական, թե քաղաքական առումով բարդ ժամանակահատվածում: Ազուրն ու Փաշինյանը խոսել են Հայաստանի ու ԱՄՀ տնտեսական հաջող գործակցության պատմությունից, հեռանկարներից, Ազուրը հավաստիացրել է Հայաստանի հետ աշխատանքը շարունակելու և Հայաստանի տնտեսության բարեփոխումներին ու առաջընթացին նպաստելու պատրաստակամության հարցում: Ինչպես հայտնում է կառավարությունը, «հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին»: Հայաստանի տնտեսությունը թռիչքի մեջ է, իհարկե պայմանական, որովհետև նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճի ցուցանիշները ընթացիկ տարում կարծես թե սկսում են նվազել:
Ավելին, տնտեսական թռիչքի պայմաններում այդուհանդերձ ամենևին թռիչքային չեն Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի ցուցանիշները: Իսկ արտահանելի հատվածը այն է, որ ստեղծում է ապրանք, այսպես ասած հավելյալ արժեք և բարձրացնում տնտեսության դիմադրունակությունը, կազմում ողնաշարը: Իհարկե հիանալի է, որ Ռուսաստանից տեղափոխված ռելոկանտների, նաև պատժամիջոցների հետևանքով Ռուսաստան վերաարտահանման հնարավորությունների շնորհիվ Հայաստանը ստացավ փողի ահռելի ներհոսք: Այդքան փողը ինքնին բավարար է, որպեսզի ապահովվի մեծ տնտեսական աճ: Մինչդեռ, պետության համար շատ կարևոր է այդ աճի կառավարումը և տնտեսության ամրացմանը, այլ ոչ թե վայելելուն ծառայեցնելը; Իսկ այստեղ արդեն շատ կարևոր է դառնում արտահանելի ոլորտի զարգացումը, այն դեպքում, երբ Հայաստանում կարծես թե հակառակն է: Այս պայմաններում, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը հանդիպում է Հայաստանի վարչապետին և քննարկում տնտեսությանն առնչվող հարցեր, հավաստիացնում բարեփոխումների շարունակությանն աջակցելու մասին, հատկապես ի՞նչ բարեփոխումներ նկատի ունի նա:
Նրան հետաքրքրողը իսկապե՞ս Հայաստանի տնտեսության ամրությունն է, թե՞ այդ տնտեսություն հոսած ահռելի արժույթը՝ Ռուսաստանից, և դրա ճակատագիրը Հայաստանում: Մյուս կողմից, Հայաստանի տնտեսության ամրությունը պետք է հետաքրքրի Հայաստանի կառավարությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին իհարկե հետաքրքրում է իր համաշխարհային ազդեցությունը և հենց այդ պրիզմայով են դիտարկվում հարաբերությունները երկրների հետ: Այլ հարց է, թե երկրների կառավարությունները ինչ պրիզմայով են դիտարկում իրենց հարաբերությունները այդ կառույցի հետ: Այստեղ իհարկե տեղին չէ հարցադրումը՝ իշխանությա՞ն խնդրի պրիզմայով, թե՞ տնտեսության: Իշխանության ամրության խնդիրը ԱՄՀ հետ հարաբերություններում Հայաստանի կառավարող դասի համար եղել է միշտ, իսկ ահա տնտեսության ամրության խնդիրը՝ ոչ միշտ: Ըստ այդմ, առավել համարժեք կլինի թերևս հարցադրումը՝ իշխանության ամրության խնդրից զատ, կա՞ ԱՄՀ հետ հարաբերությունում այսօր նաև տնտեսական ամրության, ողնաշարի խնդիր:










































