Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Հյուսիսային Իրաք և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն ու ժողովրդարավարություն» կուսակցության (ԽԺԿ) խորհրդարանական բոյկոտի և 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Ստամբուլի նորմալ բանտ տեղափոխության հարցերը։
Սինիրլիօղլուն նաև բարձրացրել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցը։ Դա մասնավորապես վերաբերում է Օջալանի հիմնադրած և Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ պայքարին։ Սինիրլիօղլուն նշել է, որ եթե PKK-ն չհեռանա թուրք-իրաքյան սահմանից, ապա Թուրքիան կարող է նորից ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկել Հյուսիսային Իրաքում։
Սինիրլիօղլուն հանդիպել է նաև Իրաքի խորհրդարանի խոսնակի ու արտգործնախարարի հետ՝ վերջինիս փոխանցելով Թուրքիա այցելելու Ահմեդ Դավութօղլուի հրավերը։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը ցանկանում է երկու ռազմաբազա հիմնել Հյուսիսային Իրաքում, որոնք դարպասի դեր կկատարեն Թուրքիա ներթափանցելու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ստամբուլի 11-րդ ծանր հանցավորությունների դատարանը Աբդուլլահ Օջալանին 1 տարի ժամկետով արգելել էր հանդիպումներ ունենալ իր 4 փաստաբանների հետ։
Ստամբուլյան դատարանն իր այդ վճիռը պայմանավորել էր «Օջալանի կողմից PKK-ին աջակցելու» գործոնով։









































