Ողջունում ենք խաղաղության ուղու մասին ՀՀ վարչապետի համարձակ հայտարարությունները, Երևանում հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը, որն այցելել է Հայաստան: Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունները, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջության վերաբերյալ, ողջունում են շատ արտաքին գործընկերներ, սակայն հարց է առաջանում, թե ո՞րն է այդ ողջույնների արժեքը, ի՞նչ է շահում այդ ողջույններից Հայաստանը: Ընդամենը այն, որ Ադրբեջանը չի՞ ծավալում Հայաստանի հանդեպ լայնամասշտաբ նոր հարձակում, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի այդ հայտարարությունները հնչել են Պրահայի հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, այսինքն սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից երեք շաբաթ անց:
Ընդ որում, Երևանը հայտարարում է, և այդ մասին Բելգիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նշել է նաև Հայաստանի արտգործնախարարը, որ Բաքուն ի պատասխան չի խոսում Հայաստանի տարածքային ամբողջությունը ճանաչելու մասին: «Մինչև այժմ մենք չենք լսել ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդպումների ընթացքում», հայտարարել է Արարատ Միրզոյանը, ասելով, որ դա օրինակ է, թե Ադրբեջանը ինչպես է հետ կանգնում այդ և մի շարք այլ պայմանավորվածություններից: Ինչու՞ է հետ կանգնում Բաքուն: Նա իրեն ապահովագրում է հրապարակային խոսքի պատասխանատվությունից, որովհետև որևէ կերպ չի հրաժարվում Հայաստանի տարածքային ամբողջությունը ցանկացած հարմար առիթի կամ հնարավորության դեպքում վերստին կասկածի տակ դնելու մտադրությունից և հավակնությունից: Ուրեմն հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ է Հայաստանի վրա մնում Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին հայտարարության պատասխանատվությունը, առավել ևս, որ դա Բաքվի ձեռքին դառնում է որոշակի «փաստարկ» Արցախի հարցում իր հավակնությունները առաջ մղելու, մասնավորապես Արցախի ինամսյա բլոկադա իրականացնելու, իսկ այժմ էլ նույն միջազգային հանրության նկատելի աջակցությամբ «Աղդամի ճանապարհի» հարցը օրակարգ բերելու համար:
Այդպիսով, ստացվում է, որ Հայաստանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման մասին, չի ստացել համարժեք պատասխան Բաքվից, չի ստացել միջազգային հանրության հուսալի երաշխիք՝ Հայաստանի տարածքային ամբողջության պաշտպանության առումով, և ստացել է բլոկադա ու նոր օրակարգ Արցախում: Այդպիսով, ո՞րն է այն ողջույնի արժեքը, որին արժանանում է Երևանը «խաղաղության ուղու» մասին իր հայտարարություններով, եթե դրանք Ադրբեջանին են տվել պատերազմի արահետով դանդաղ, բայց առաջ շարժվելու հնարավորություն: Թե որն է ողջույնների գինը, կարծես թե նկատելի է, իսկ ահա արժեքը՝ անհասկանալի է:










































