Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 10-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ելույթով: «Անցած 10 տարիները մեզ հիշեցրին բոլոր ամերիկացիների միջև գոյություն ունեցող կապի մասին: Մենք չենք ենթարկվել կասկածամտությանն ու անվստահությանը: Սեպտեմբերի 11-ին նախագահ Ջորջ Բուշը հստակ ասաց այն, ինչ մենք հաստատում ենք այսօր` ԱՄՆ-ը երբեք չի պատերազմելու իսլամի կամ ցանկացած այլ կրոնի դեմ: Ներգաղթյալներն այստեղ են գալիս աշխարհի բոլոր ծայրերից: Ամենամեծ և ամենափոքր քաղաքներում հնարավոր է տեսնել բոլոր հնարավոր ռասաների, կրոնների և էթնոսների ներկայացուցիչների, և նրանք բոլորը երդում են տալիս մեր դրոշին ու հետապնդում են միևնույն երազանքը` e pluribus unum` «Բազմությունից միասնություն» (գրված է ԱՄՆ զինանշանի վրա)»,- հայտարարել է Օբաման: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Օբաման հավաստիացրել է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա սեպտեմբերի 11-ը և այն մարդկանց, որոնց կյանքերն ընդհատվել են ահաբեկիչների կողմից: «Տասնյակ տարիներ անց էլ ամերիկացիները շարունակելու են գալ հուշարձանների մոտ, որոնք կանգնեցվել են ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են սեպտեմերի 11-ին»,- հավելել է նա:









































