Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ իրենք համաձայնություն են ձեռք բերել միջոցառումների ծրագիր մշակել` Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:
Ինչպես հայտնում է BBC-ն, Ալ-Արաբին հայտարարել է, որ ինքը պահանջել է Ասադից` արագացնել Սիրիայում քաղաքական բարեփոխումների ընթացքը և ապացուցել մարդկանց, որ արաբական այդ երկրում լուրջ փոփոխություններ են սպասվում:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի այցը Դամասկոս նախատեսված էր դեռ չորեքշաբթի, սակայն պաշտոնական Դամասկոսը խնդրել էր 3 օրով հետաձգել այն, ինչ-ինչ պատճառով Ալ-Արաբին Սիրիա է ժամանել միայն այսօր:
Al-Jazeera-ի փոխանցմամբ` Հոմսում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 13-ի, նրանց մեջ է նաև մի երեխա: Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհերի մասին:









































