«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը «Սարդարապատ» նախաձեռնության նախկին անդամ, անկախ փորձագետ Հայկ Բալանյանն է:
-Պարոն Բալանյան, ՌՀՄ սոցիալական զարգացման և երիտասարդության գործերի գծով փոխնախագահ Լևոն Մուքանյանը «Զեմլյակի» հանդեսին տված մի հարցազրույցում անդրադարձել է դեպի ՌԴ հայերի գաղթին: Խոսելով պատճառների մասին` նա նշում է, որ արտագաղթի գլխավոր պատճառը տարածքային շրջափակումն է: Համաձա՞յն եք նրա այս մոտեցմանը:
-Ես առաջինը կարձանագրեի, որ դա ռուս չինովնիկի հարցազրույց է. անընդհատ միտք է արտահայտվում, որ Հայաստանի համար արտագաղթի հիմնական պատճառը շրջափակումն է: Ոչ մի բառ չի ասվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, տնտեսության օլիգարխիկ բնույթի, վատ կառավարման, կաշառակերության մասին: Մինչդեռ սոցիալ-տնտեսական վիճակի հիմնական պատճառը ես համարում եմ իշխանությունները: Նա ուղղակի կտրականապես հրաժարվում է դա ասել:
-Լևոն Մուքանյանը, անդրադառնալով Հայաստանի միգրացիոն պետ Գագիկ Եգանյանի այն մոտեցմանը, ըստ որի նա դեմ է ՌԴ պետծրագրին և այն համարում է Հայաստանի բնակչության անցանկալի արտահոսք առաջացնող ծրագիր, համարում է պետականապետ մոտեցում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այն, որ Գագիկ Եգանյանի մեկնաբանությունները որակում է պետականամետ, արդեն ցույց է տալիս, որ ինքը հանդես է գալիս դասական ռուսական դիրքերից, կրկնում եմ, ինձ մոտ տպավորություն էր, որ ռուս չինովնիկ է տվել հարցազրույցը:
-Ընդհանուր առմամբ, ՌՀՄ-ի մոտեցումը ինչպե՞ս կորակեք, ի՞նչ շահեր է հետապնդում ՌՀՄ-ն:
-Իրենք ձգտում են նրան, որ իրենց բիզնեսները Ռուսաստանում շատ լավ լինեն, հետևաբար իրենց կարծիքով` իրենք պետք է հետապնդեն և ներկայացնեն ռուսական շահերը Հայաստանում և ոչ թե հայկական շահերը Ռուսաստանում: Իսկ դա հակառակ մեխանիզմն է` համեմատած Միացյալ նահանգների, Ֆրանսիայի գաղութի հետ: Դա սովորական առևտրային գործարք է իրենց համար` միշտ այնպես անել, որ իրենց բիզնեսը Ռուսաստանում ծաղկի, իսկ դրա համար իրենք պետք է ծառայություններ մատուցեն: Ծառայություններ մատուցելը նշանակում է հայկական շահերի առևտուր անել: Դասական օրինակ է այդ հարցազրույց տվող երիտասարդը` Լևոն Մուքանյանը:
Այս վերաբերմունքը տևել է տասնամյակներ և դարձել է իրենց համար ավանդույթ: Այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացիներ են և ռուս չինովնիկներ, հետևաբար միշտ հանդես են գալու Ռուսաստանի դիրքերից, և իրենք թքած ունեն Հայաստանի խնդիրների վրա: Կարելի է այդ մարդկանց ազգանունները փոխել, ու ոչ մի տարբերություն չենք զգա: Այս իմաստով ես կհորդորեի հասկանալ, որ խոսում է հայկական ազգանունով ռուս քաղաքականությունը:
-Որքանո՞վ են տնտեսության զարգացմանը նպաստում արտերկրից ուղարկված գումարները: Լ. Մուքանյանը իր հարցազրույցում առանձին անդրադարձել է այդ խնդրին և այն որակել որպես տնտեսության զարգացմանը նպաստող հանգամանք:
-Իրենց համար տնտեսության զարգացումը փող ուղարկելն է, իսկ մեզ համար` այլ տիպի, այլ մոդելի տնտեսություն ունենալը: Ներկայումս այդ գումարները, որ գալիս են Հայաստան, մեզ համար նավթի գործոնի նման մի բան են դարձել: Դա փող է, որը մեր տնտեսությունը չի աշխատել , որը ստանում ենք դրսից, և որը փափուկ բարձի նման պահում է այս արատավոր համակարգը: Հասկանալի է, որ հազարավոր ընտանիքներ այդ փողով իրենց գոյությունն են պահպանում, բայց եթե այդ փողը չլիներ, գուցե տնտեսական վիճակը կստիպեր արմատական բարեփոխումներ անցկացնել: Դա բացասական դեր ունի նաև այն առումով. որ այդ փող տվողները համարում են իրենց պարտքը Հայաստանի հանդեպ կատարած` «փողը տվել ենք` ձայններդ կտրեք»: Եվ մնացած խայտառակ գործընթացների առումով ուզում են փակել մեր բերանը: Իսկ իրական մեր խնդիրները այդ փողերը չեն, Հայաստանին պետք են պայմաններ, որ ՀՀ քաղաքացիները իրենց երկրում կարողանան փող աշխատել և արժանավայել ապրել: Դրսից ուղարկվող գումարները մարդկանց սովորեցնում են մի իրավիճակի, երբ մարդիկ իրենց գործառույթը համարում են փող տալը: Բայց պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի գաղութը գաղութ չդարձավ, ինչպես այլ երկրներում է, այնտեղի մեր համայնքը ներկայացնում է ռուսական շահերը Հայաստանում:
-Այդ դեպքում ի՞նչ կարգավիճակում են հայերը Ռուսաստանում:
-Այն հարաբերությունները, որ կառուցված են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, սիմետրիկ չեն, ավելին ասեմ, Ռուսաստանը պարբերաբար փորձում է Հայաստանի ազգային շահերի միջոցով իր դիրքերը պահել Կովկասում, Ղարաբաղի հարցում: Նշանակում է, որ որևէ հավասարակշռություն ռեսուրսների, պարտականությունների և իրավունքների տեսակետից չկա: Դա թույլ է տալիս Ռուսաստանին վերաբերել մեզ ոչ թե որպես Ռուսաստանի մարզի, այլ մի օբյեկտի, որը կարելի է վաճառել, մեծացնել, փոքրացնել:









































