Նախօրեին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայով հանդես եկան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները` պահանջելով ջրվեժի հարցը ենթարկել բազմակողմանի, բաց ու թափանցիկ քննարկման: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նախաձեռնության անդամ, բնասեր Ապրես Զոհրաբյանը հայտնեց, որ ակցիայի նպատակը պատմական հուշարձան ճանաչված ջրվեժի ու դրա էկոհամակարգի ապագայի նկատմամբ մտահոգությունն էր:
Նա տեղեկացրեց նաև, որ երեկ իրենք իրենց մտահոգությունն են փոխանցել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որն իրենց այսօր հրավիրել էր «աշխատանքային քննարկման»՝ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների, այդ թվում`հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացնող մարմնի` «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրեն, ներդրող Ռոբերտ Օխանյանի հետ:
Ըստ նրա` այսօր կայացած քննարկմանը մասնակցեցին հասարակական նախաձեռնության մի շարք անդամներ` Մարիամ Սուխուդյանը, Լևոն Գալստյանը, Էդգար Մանուկյանը, Աննա Շահնազարյանը ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ նախագահ Սոնա Այվազյանը:
Ինչպես զրույցում նշեց Ա.Զոհրաբյանը, նախարարն իրենց ասաց, որ շինարարություն իրականացնելու թույլտվությունը «եղել է օրենքի սահմաններում», և նա օրենքի հետ խնդիր չունի:
«Ամեն դեպքում նախարարը հորդորեց նրան` քարը փեշից թափել, շինարարությունն իրականացնել ջրվեժից մի քիչ ներքև: Նախարարը նրան ժամանակ տվեց մտածելու հիդրոէլեկտրակայանը ջրվեժից ներքև կառուցելու շուրջ»,- ասաց նա`հավելելով, որ ներդրողը խոստացել է տարվա մեջ երեք ամիս չշահագործել ջրվեժը:
Ստացվում է, որ ներդրողը ջրվեժն օգտագործելու է երեք-չորս ամիս, ինչը ըստ բնասերի, «կասկածի տեղիք է տալիս»: «Ի՞նչ է`նա այդքան ներդրումներն անում է, որ մի քանի ամի՞ս օգտագործի: Ո՞վ պետք է գնա այս սարում, չոլում նրա ձեռքը բռնի»,- մտահոգություն հայտնեց Ա.Զոհրաբյանը:
Շինարարություն իրականացնելու թույլտվությունը տրվել է 2004թ., 2008թ. ջրվեժը ճանաչվել է բնության հուշարձան:











































