Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել չտրվել ռուսական սադրանքներին։
Հիշեցնենք, որ վրացական կողմի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին ռուսական «Մի-8» տիպի 3 մարտական ուղղաթիռներ 15 րոպեով խախտել են Վրաստանի օդային սահմանը և 4 կիլոմետր խորացել նրա տարածքում։ Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է դա։
Այս կապակցությամբ Արեշիձեն նշել է. «Այդպիսի փաստերը նոր չեն։ Ռուսաստանը պարբերաբար խախտում է հակամարտային գոտիներին հարակից մասերի օդային սահմանը։ Հավանաբար, մենք հիշում ենք Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տևզաձեի այն բոլոր հայտարարությունները, թե չի կարող «պարսատիկներով ցած գցել այդ ուղղաթիռները»։
Այսօր տեխնիկական տեսանկյունից Վրաստանն ի վիճակի է կանխել նմանատիպ փաստերը, սակայն այդ դեպքում մեր երկիրը կհայտնվի միջպետական հակամարտության մեջ և կներքաշվի սադրանքի մեջ։
Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ մի երկրի կողմից մյուս երկրի օդային տարածքի խախտումը կարող է տեղի ունենալ երկու հիմնական պատճառներով. հակառակորդի պաշտպանության թույլ կետերի հետախուզում և հակառակորդի ու միջազգային հանրության կարծիքի արհամարհման ցուցադրություն։
Չնայած դրան՝ եթե ռուսական ուղղաթիռների առաջխաղացման երթուղին սպառնալիքներ չի պարունակում, ապա փորձագետները Վրաստանի իշխանություններին կոչ են անում տեղի չտալ սադրանքին, այդ մասին իրազեկել միջազգային հանրությանը և հրաժարվել այդպիսի դեպքերի կանխարգելման միջոցներից»։









































