
Սերբական բանակում հայտարարվել է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Սերբիայի նախագահի որոշմամբ՝ սերբական բանակի ստորաբաժանումները պետք է անհապաղ շարժվեն Կոսովոյի եւ Մետոխիայի վարչական բաժանարար գծի ուղղությամբ։
Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախագահը որոշում է կայացրել Զվեչանում, Զուբին Պոտոկում և Լեպոսավիչում սերբ ժողովրդի նկատմամբ Ալբին Կուրտիի հատուկ ոստիկանության կողմից իրականացված բռնությունների պատճառով։ Նաև Ալեքսանդր Վուչիչը դիմել է ՆԱՏՕ-ին՝ անհապաղ դադարեցնել բռնությունները սերբերի նկատմամբ։
Բացի այդ, Կոսովոյի առցանց պորտալը հայտնում է, որ այսօր սերբերը բողոքի ցույցի են հավաքվել Կոսովոյի հյուսիսում՝ Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Զվեչանի քաղաքապետարանների շենքերի մոտ։ Նրանց խոսքով՝ մարդիկ չեն ցանկացել թույլ տալ Կոսովոյի անվտանգության ուժերին և պաշտոնյաներին շենքեր մտնել։ Մյուս կողմից, Կոսովոյի ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել։