
Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին Եվրոպա կատարած այցի ժամանակ կոչ է արել երկրներին դադարեցնել կրակը Ուկրաինայում և պահպանել Ուկրաինայում ներկայումս օկուպացված տարածքները Ռուսաստանի համար,- գրում է «Wall Street Journal»-ը։
Հրատարակությունը գրում է, որ Չինաստանի ներկայացուցիչը հստակ ուղերձներ ուներ, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները պետք է ապացուցեն իրենց ինքնավարությունը և Չինաստանը դիտարկեն որպես Վաշինգտոնի տնտեսական այլընտրանք։
Ամերիկյան հրատարակության համաձայն՝ Լի Հուին եվրոպացիներին հորդորել է արագ գործել, որպեսզի վերջ դնեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, քանի դեռ այն ավելի մասշտաբային չի դարձել:
Ինչպես «Wall Street Journal»-ին ասել է դիվանագետներից մեկը, եվրոպական երկրները հնարավոր չեն համարում խաղաղություն Ուկրաինայում, քանի դեռ ռուսական զորքերը չեն հեռացել, և հենց այդպիսի դիրքորոշում են հայտնել Չինաստանի հատուկ ներկայացուցչին։
Ըստ հրատարակության՝ Չինաստանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ եվրոպացի դիվանագետները փորձել են փոխանցել երեք հիմնական մեսիջ՝ Պեկինը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ միջուկային զենք չօգտագործելու, Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերելու և Մոսկվայի ագրեսիան դատապարտելու համար։
Լի Հուին արդեն եղել է Ուկրաինայում, ծրագրում է մայիսի 26-ին այցելել Մոսկվա։