Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արտասահմանյան երկրներում քվեարկել է 1,7 մլն ընտրող, հայտնում է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը։
Նրանց տվյալներով՝ քվեարկության գործընթացը սկսվել է մայիսի 20-ին արտերկրում տեղակայված Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններում և սահմանային անցակետերում։ Այս փուլում իր ընտրությունը գրանցել է 1 733 940 ընտրող։ Արտերկրում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կավարտվի այսօր, իսկ սահմանային անցակետերում քվեարկությունը հնարավոր կլինի մինչև մայիսի 28-ը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։ Երկրորդ փուլում միմյանց դեմ կհանդիպեն երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։