ԻԻՀ գյուղատնտեսության նախարար Ջիհադ Սադեղ Խալիլիանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը Իրանում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հետագա երկկողմ համագործակցության հարցեր, որոնք վերաբերել են երկրագործության, անասնապահության, բուսաբուծության և այլ ոլորտներին: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ գյուղանտեսության նախարարությունների միջև 2011–2012 թթ. համագործակցության գործնական ծրագիր: Սերգո Կարապետյանը փոխադարձ այցով Հայաստան է հրավիրել իրանցի իր գործընկերոջը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանի Քարաջ քաղաքի գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն` ծանոթանալով վերջինիս ու նրա չորս մասնաճյուղերի գործունեությանը: Այստեղ Սերգո Կարապետյանին ներկայացվել են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բույսերի նոր սորտերի ստացման հնարավորությունները: Այցելություն է եղել նաև Իրանի մշակաբույսերի և սերմերի բարելավման ինստիտուտ, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմին հետաքրքրող սերմերի որոշ տեսակներ ներկրել Հայաստան ու տեղում իրականացնել դրանց փորձարկումը:
ԻԻՀ Ղոմ նահանգ կատարած այցի ընթացքում Սերգո Կարապետյանը եղել է գյուղանտեսական ձեռնակություններում և գիտահետազոտական հաստատություններում` ծանոթանալով նաև ձիթենու օրգանիկ արտադրության և վերամշակման տեխնոլոգիաներին:
Սեպտեմբերի 5–ին գյուղատնտեսության նախարարն այցելել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ:
«Հայաստանը Իրանի հետ ունի դինամիկ ապրանքաշրջանառություն: Ակնկալում ենք, որ ծավալները կմեծանան»,- Թավրիզում հանդիպելով նահանգապետ Ահմեդ Ալի Ռեզա Բեյգիին` նշել է Սերգո Կարապետյանը:
Արևելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև անասնապահական ձեռնարկություններ և ագրովերամշակման գործարաններ: Կարևոր է եղել նաև այցելությունը Թավրիզի տրակտորաշինական գործարան: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել իրանական արտադրության տրակտորներ ներկրել Հայաստան: Մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու նպատակով Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ:
«Արարատ» ակումբում գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայաստան վերադարձի ճանապարհին Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սյունիքի մարզում: Այցելելով Մեղրիի տարածաշրջան` նախարարը հետևել է ինչպես գյուղատնտեսական աշխատանքների, այնպես էլ այստեղ շահագործվելիք «Մեղրիի պահածոների գործարան»-ի վերաբացման աշխատանքների ընթացքին: Ի դեպ, վերջինս մեկն է այն ձեռնարկություններից, որին ՀԳՏՏԶՀ-ն հատկացրել է ֆինանսական աջակցություն:
Սիսիանի տարածաշրջանում նախարար Սերգո Կարապետյանը եղել է ցորենի դաշտերում, ինչպես նաև այցելել է «Սյունիքի բարիքներ» ֆերմերային տնտեսություն, որտեղ բուծում են սիմենթալ և հոլշտինյան ցեղերի տոհմային անասուններ:









































