«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Պարոն Խաչատրյան, նոր ուսումնական տարում գնահատման նոր չափանիշները կսկսեն գործել Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում և հանրապետության հանրակրթական մյուս դպրոցների 2,5,7,10 դասարաններում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի այս համակարգի ներդրումը:
Դրական կողմն այն է, որ թվանշանի չարաշահման, սխալ օգտագործման դեպքերից կազատվենք: Մենք ունենք խնդիրներ, որ թվանշանը հաճախ չարաշահվում է, օգտագործվում է երեխային վախեցնելու, սպառնալու գործիք, կամ հակառակ իմաստով, օգտագործվում է որպես մրցակցային մի բան և կեղծ ձգտումներ է առաջացնում, այսինքն՝ թվանշանի կռիվ, որը հատկապես տարածված է ծնողների շրջանում: Հիմա այս նոր կարգով այդպիսի բաները մի փոքր կնվազեն, որովհետև թվանշանի դերը նվազեցվում է, հատկապես կրտսեր դպրոցում, որտեղ թվանշան չի լինելու, լինելու է նկարագրական գնահատում: Բայց, իհարկե, այնքան էլ դա հեշտ չի: Կա մի հետաքրքիր երևույթ կառավարման տեսության մեջ, կոչվում է «Չեսթերթոնի ցանկապատ»: Դրա իմաստն այն է, որ եթե դուք տեսնում եք որևէ ցանկապատ, մի շտապեք այն քանդել, փորձեք պարզել, թե ինչու է այդ ցանկապատն այդտեղ դրված: Հիմա այս իմաստով, մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու է թվանշանը դպրոց մտել, և եթե հիմա ուզում ենք դրա դերը նվազեցնենք կամ հանենք, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Թվանշանը մոտիվացնո՞ւմ է։
Թվանշանը դպրոց մտել է երկու պատճառով. առաջինը, որ որոշակի արտաքին մոտիվացիա լինի: Փաստ է, որ ոչ միշտ է, որ երեխաները ներքին մոտիվացիա ունեն սովորելու: Մի մասը ունի, սիրում է սովորել, բայց քանի որ դպրոցն ինքը պարտադիր բան է, երեխաների մեծ մասը սովորելու ներքին մոտիվացիա չունի: Այսինքն եթե իրենց թողնենք, ոչ մի բան էլ չեն սովորի: Դրա համար մտածել են արտաքին մոտիվատորներ, ինչպիսին է թվանշանը:
Հիմա եթե մենք արտաքին մոտիվացիան հանում ենք կամ դերը նվազեցնում ենք, ապա պետք է մտածենք, թե դա ինչով ենք փոխարինում: Ցանկացած համակարգում եթե մի բան հանում ես, տեղը ինչ-որ այլ բան պետք է առաջարկես: Չես կարող հենց այնպես հանել, որովհետև ինքն այդ համակարգում ինչ-որ իմաստ ունի, և եթե հանում ես, այդ դատարկ տեղը կարող է ավելի վատ բներով լցվի: Դրա համար հիմա շատ կարևոր է, որ եթե նախարարությունը գնում է այս համարձակ քայլին, պետք է մտածի, որ արտաքին մոտիվացիա չունեցող այս երեխաներին ինչո՞վ է մոտիվացնելու: Այստեղ կարո են խնդիրներ առաջանալ: Փաստ է, որ այսօր շատ երեխաներ ինչ-որ մի բան անում են, որպեսզի բացասական թվանշան չստանան, նույն դասարանում չմնան, վերաքննություն չտան: Հիմա եթե այդ ամենը վերացվում է, երեխան էլ չունի ներքին մոտիվացիա, ինքը կարող է ասի՝ ինչի՞ս է պետք սովորելը: Այսօր էլ են, իհարկե, ասում, բայց հիմա նրանց թիվը կարող է ավելի շատանալ: Դրա համար եթե նախարարությունը այս ռեֆորմով չբերեց հետաքրքիր բովանդակություն, հետաքրքիր դասագրքեր, հետաքրքիր ուսուցման մոտեցումներ, մենք կունենանք ավելի հետընթաց, քան այսօր ունենք: Այսինքն ռիսկը սա է:
Իրականում թվանշանը վատ բան չէ, որովհետև կյանքի բոլոր ոլորտներում էլ չափելիություն կա: Երբ դուք գնում եք բժշկի, ինքը ձեզ ինչ-որ թվեր է ասում, թվանշան, կարելի է ասել: Ասում է՝ ձեր ճնշումը 120/80 է, նշանակում է, որ դուք գերազանց ստացաք, եթե ասում է՝ 150/100 է, նշանակում է՝ այդքան էլ լավ չի: կամ երբ խանութից ինչ-որ բան եք գնում, կշռել կա, գին կա: Այսինքն թվային չափումները կյանքի բոլոր ոլորտներում կա: Մեր խնդիրն այն է, որ կրթության ոլորտում մենք չարաշահել ենք դա: Այսինքն խնդիրը ոչ թե բուն թվանշանն է, որովհետև միշտ ինչ-որ չափելիություն պետք է, այլ խնդիրն այն է, որ մենք այդ թվանշանը սխալ ենք օգտագործել: Հետևաբար, իմ կարծիքով մենք պետք է ոչ թե թվանշանին կպնենք, դրա դերը նվազեցնենք, այլ փոխենք մարդկանց վերաբերմունքը այդ թվանշանի հանդեպ, որ իրենք թվանշանն ավելի հանգիստ ընդունեն, որ ուսուցիչներն ավելի օբյեկտիվ գնահատեն, որ լինեն գնահատման ավելի հստակ չափանիշներ, կամայականություններ չլինեն: Այս խնդիրը պետք է լուծենք, ոչ թե թվանշանը հանենք:
Հիմա նախարարությունն առաջարկում է թվանշանները կրտսեր դպրոցում հանենք, տեղը ոչ թե երեխայի ծնողին ոչ թե ասենք՝ քո երեխան 8 է ստանում, այլ ասենք, որ այ էս բաները լավ է անում, այս բաները վատ է անում: Բայց հավատացեք, որ եթե ծնողների մեծ մասին դա ասենք, վերջում նա նորից հարցնելու է՝ լավ, այսքանից հետո իմ երեխան ի՞նչ է, գերազանցի՞կ է, հարվածայի՞ն է: Դա նույնն է, որ դուք գնում եք խանութից ինչ-որ բան առնելու, ապրանքը ձեզ նկարագրեն, ասեն՝ այ էս թերություններն ունի, էս առավելություններն ունի, բայց ամեն դեպքում ձեզ հետաքրքիր է, թե ինչ արժի այդ ապրանքը: Իհարկե, շատ լավ է իմանալ ապրանքի դրական ու բացասական կողմերը, բայց անհրաժեշտ է, որ դուք իմանաք, թե ինչ արժե այն: նույնն էլ թվանշանն է, որը ինչ-որ չափելիության ձև է: մենք ենք մեղավոր, որ սխալ ենք օգտագործել թվանշանը: Թվանշանը չի մեղավոր, մեր վերաբերմունքն է մեղավոր: Ես ավելի ճիշտ կհամարեի, որ մենք մեր վերաբերմունքը փոխեինք թվանշանի հանդեպ, ոչ թե թվանշանը հանեինք:
Լինում են դեպքեր, երբ թվանշանը երեխայի համար ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը։Ցածր թվանշանը նվազեցնում է մոտիվացիան և հիասթափության պատճառ դառնում: Այս առումով խնդիր չեք տեսնո՞ւմ:
Այո, և եթե այդպես է, ինքը պետք է ջանքեր գործադրի, որ իր թվանշանը բարձրացնի և ոչ թե հիասթափվի, այլ արդեն ոգևորվի: Ես մեկ այլ բան կասեի. Եթե մարդու թվանշանը ցածր է, գուցե ծնողները դրա մեջ ողբերգություն չտեսնեն: Հիմա եթե երեխան 5, 6 կամ 7 է ստանում, ի՞նչ կա դրա մեջ: Այնպես չէ, որ դա ճակատագիր է: Ծնողները պետք է ավելի հանգիստ ընդունեն երեխայի թվանշանը, նույնը և երեխան: Եթե դու դպրոցում 5-երով, 6-երով ես սովորում, դա դեռ ոչ մի բան չի նշանակում, որովհետև կյանքը միայն դպրոցի թվանշանով չի: Բայց մենք այնքան ենք բացարձակացրել թվանշանի դերը, որ նա արդեն ֆետիշացվել է, ուռճացվել է և այլն:
Այսինքն՝ պետք է գտնվի ոսկե միջի՞նը:
Այո, պետք է գտնել ոսկե միջինը:
Ինչո՞վ է պայմանավորված, որ գնահատման նոր չափորոշիչներին միանգամից չեն անցնում, այլ փուլերով:
Մենք ունենք այսպիսի նրբություն. Օրինակ, սկսել են 2-րդ դասարանից, որովհետև առաջին դասարանը սկիզբն է և փորձել են այն փորձարկումներից դուրս թողնել: 5-րդ դասարանը վերցված է, որովհետև ինքը միջին դպրոցի առաջին դասարանն է: Այսինքն 4-րդ դասարանից հետո երեխաները գնում են միջին դպրոց: 7-րդ դասարանը վերցված է, որովհետև այդ դասարանում շատ նոր գիտական առարկաներ են մտնում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն, 10-րդ դասարանն էլ վերցված է, որովհետև այն ավագ դպրոցի առաջին տարին է: Այսինքն վերցված են կարևոր դասարանները, իսկ արդեն հաջորդ տարվանից մյուս դասարաններ էլ կվերցնեն և այդպես 12-ամյա ցիկլը կփակվի:










































