Մայիսի 11-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցների կիրառմամբ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի չորս վիրավոր: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանական կողմն իր սադրանքը ինչպես միշտ ուղեկցել է ապատեղեկատվությամբ, թե հայկական զինուժն է նախապատրաստել ռազմական գործողություններ, նաև կիրառել իրանական անօդաչուներ: Հայաստանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը և կրկնել, ինչպես Տեղ գյուղի միջադեպի ընթացքում, որ Հայաստանի զինանոցում չկան իրանական անօդաչուներ:
Հայաստանի ԱԳՆ-ն Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ռազմական սադրանքի առնչությամբ տարածել է դատապարտող հայտարարություն, ընդգծելով, որ այդ սադրանքի նպատակը Հայաստանի հանդեպ բանակցային ճնշում գործադրելն է: «Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին: Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:
Ադրբեջանի ռազմական սադրանքը հաջորդում է Վաշինգտոնի քառօրյա հանդիպմանը և նախորդում Բրյուսելում, Քիշնևում և Մոսկվայում ազդարարված հանդիպումներին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի չեղարկել Բրյուսել մեկնելու որոշումը, միաժամանակ նշելով, թե այնտեղ չի ստորագրվի խաղաղության պայմանագիր: Դրան զուգահեռ, Փաշինյանը ասել է, որ խնդիր է հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և պատրաստել ստորագրման: Որքան է իրականանալի այդ խնդիրը, հարաբերական հարց է: Երևանն իհարկե այդ հայտարարություններով դրսևորում է խաղաղությանը իր հանձնառությունը, Ադրբեջանի ապակառուցողականությունն ընդգծելու համար: Այստեղ առանցքային հարց է, օրինակ, թե Բաքվի ռազմական դիվանագիտությունը ինչ արձագանքի կարժանանա Բրյուսելում՝ կիրակի կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Հատկանշական է, որ Սոթքի սադրանքին «զուգահեռ», տարածվեց տեղեկություն Բլինքեն-Միշել հեռախոսազրույցի մասին, որտեղ թեմաներից է եղել նաև հայ-ադրբեջանական խնդիրն ու նրանք քննարկել են խաղաղությանը աջակցելու հնարավորությունը: Ինչպե՞ս է հնարավոր աջակցել խաղաղությանը, առանց խաղաղությունը հարվածի տակ դնելու ադրբեջանական քաղաքականությունը կասեցնելու, կամ առանց ուժի կիրառման սպառնալիքով քաղաքական պայման թելադրելու ադրբեջանական գործելաոճը կասեցնելու: Սա մի կողմից հռետորական հարցադրում է, մյուս կողմից միանգամայն պրակտիկ, որովհետև Ադրբեջանն օգտվելով Արևմուտք-Ռուսաստան հակասություններից և պայքարից, փորձում է «լողալ» իր ռազմական շանտաժի գործիքակազմով: Իսկ քանի դեռ Ադրբեջանը ունի դրա փաստացի անպատիժ կիրառման հնարավորություն, նա որևէ կերպ չի դրսևորի հավասարակշռված խաղաղության գնալու պատրաստակամություն և կփորձի Հայաստանից ու Արցախից կորզել առավելագույնը: Իհարկե Բաքվի հանդեպ պատժիչ առաջնային մեխանիզմը պետք է լինի հայկական զինուժը և այսօր զինուժը իր հնարավորության առավելագույնի սահմանում իրականացնում է իր գործառույթը: Եվ անշուշտ պետք է ամենօրյա աշխատանք այդ հնարավորության առավելագույնի սահմանը ընդլայնելու, և այդ կերպ Բաքվին խաղաղության ռեժիմ պարտադրելու համար: Սակայն, մինչ այդ և դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի խաղաղության գործընթացի բոլոր հանձնառուները ունենան իրենց պատասխանատվությունն այդ գործընթացի մասնակիցների կայուն և խաղաղ վարքագծի, ուժի կիրառումը բացառելու համար, եթե խաղաղությանը նպաստելը իրապես թիրախային նպատակ է:










































