Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ աշխատանքի տեմպը պահպանվելու դեպքում մինչև տարեվերջ կունենանք լավ հայեցակարգ: Մինասյանը հայտարարել է, որ չի նախատեսվում կառավարման մոդելի փոփոխություն և պառլամենտական համակարգը կպահպանվի: Իհարկե իշխանությունն ամենաբարձր մակարդակով նախկինում էլ ազդարարում էր, որ չունի այդ մոդելը փոխելու մտադրություն:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանը նշեց, որ Գրիգոր Մինասյանի հայտարարությունը արտահայտում է սահմանադրական խորհրդի դիրքորոշումը․ «Խորհրդարանական համակարգը ճգնաժամային իրավիճակներում ավելի ճիշտ է, քան նախագահականը: Ուրախ եմ, որ Փաշինյանը համոզվեց, որ խորհրդարանական մոդելը փոխելը ճիշտ չէ: Խորհրդարանական համակարգի կայացման համար ժամանակ է պետք: ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորման խնդիր ունենք, որ դեբատը զարգանա»: