«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդուիրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
-ԱՄՆ-ում 4 օր տևած բանակցությունների ֆոնին, ՀՀ վարչապետը Պրահայում հայտարարեց, որ անորոշ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափը։Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, հնարավո՞ր է որևէ փաստաթղթի ստորագրում առանց այս հարցերի հստակեցման։
–Բանակցային գործընթացը, ինչպես ցույց է տալիս հակամարտությունների բանակցությունների պատմությունը, ոչ մի կերպ չի կարող բավարարել հակամարտող կողմերի բոլոր հավակնությունները։ Հակամարտության կարգավորման բանակցությունները ենթադրում են փոխզիջում. ինչպե՞ս գտնել այն ողջամիտ փոխզիջումը, որը կբավարարի կողմերին։ Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է փոխզիջումը։ Ես մի անգամ տվել եմ, իմ կարծիքով, փոխզիջում բառի շատ տարողունակ սահմանումը. «Փոխզիջումը փոխադարձ զիջումների այն նշաձողն է, որտեղ բավարարվում են կողմերի պահանջները, իսկ հետո սկսվում են հավակնությունները»։ Խնդիրը ամբիցիաների պոռթկում թույլ չտալն է։ Ես բացառում եմ այս փուլում որևէ փաստաթղթի ստորագրումը։ Սա կապված է նաև արտաքին խաղացողների պահվածքի հետ, որոնք տրամագծորեն հակառակ շահեր ունեն հակամարտության կարգավորման հարցում, և հակամարտող կողմերը, այդ թվում՝ ԼՂՀ-ն, չեն կարող դա հաշվի չառնել։ ԼՂՀ ժողովրդի՝ իր քաղաքական դասավորությունը յուրովի ընտրելու իրավունքի խնդիրները մեր ժողովրդի բացառիկ իրավունքն են, ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել իրավունքների իրականացման իր ձևն ու սահմանները։ Ղարաբաղյան խնդրի լուծման մեկ այլ մեխանիզմ կա՝ դա արբիտրաժային որոշում է, որը, ըստ միջազգային իրավունքի, պարտադրվում է հակամարտող կողմերին։ Բայց առայժմ միջազգային հանրությունը չի սպառել սովորական բանակցությունների բոլոր հնարավորությունները՝ շանս տալով հակամարտության կողմերին ինքնուրույն գտնել այդ խելամիտ փոխզիջումը:
-Պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ նախարարներն ունեցել են փոխըմբռման առաջընթաց, բայց առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ։ Կարծում եք՝ ամերիկյան բանակցություններում կա՞ր առաջընթաց։ Ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել։
–Կրկին վերադառնալով մեր հակամարտության կարգավորման բանակցությունների պատմությանը, պետք է նշեմ, որ շատ հարցերում միշտ առաջընթաց է գրանցվել, սակայն այն խոչընդոտը, որ չկարողացան շրջանցել և ընդհանուր փոխզիջում գտնել, միշտ եղել է ԼՂՀ կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև Արցախի քաղաքացիների անվտանգ ապրելակերպն ապահովող միջոցառումների համալիրը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ընթացող բանակցություններին, ապա ես հակված եմ կարծելու, որ ԼՂՀ-ի հետ կապված հարցերը (ԼՂՀ-ի անվտանգության և ժողովրդի ընտրության իրավունքի ապահովումը), ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հետ առնչվող հարցերը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի զգալի մասը օկուպացնելու հետ, չեն համաձայնեցվել Ադրբեջանի հետ։ Ինչպես նաև չեն համաձայնեցվել Զանգեզուրի և այլ միջանցքների, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ամեն դեպքում, թեև բանակցությունների կարևոր տարրերի շուրջ առաջընթաց չի գրանցվել, այնուամենայնիվ, դրական է, որ կողմերը հանդիպում են և փորձում են բանակցել։
-Ակնկալվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում նաև Ռուսաստանում, պե՞տք է այն մեզ Ձեր կարծիքով։ Ի վերջո ո՞ր կողմի միջնորդությանը պետք է հայկական կողմը հակված լինի։
–Հայաստանը պետք է հաշվի առնի բոլոր գործոնները և միջազգային խաղացողների դերը հակամարտության կարգավորման գործում։ Ռուսական օկուպացիոն ուժերը Ղարաբաղում տեղակայված են միջազգային իրավունքի հետ ոչ մի կապ չունեցող թղթի, այսպես կոչված, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության համաձայն։ Ռուսաստանը ֆորմալ առումով պարտավոր է ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը, բայց փոխարենը ցույց է տալիս կատարյալ անզորություն։ Դա պայմանավորված է ուկրաինական պատերազմի ալիքն իր կողմը շրջելու անզորությամբ, և նա ավելի ու ավելի է հայտնվում Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի ողորմության տակ, որը Լաչինի միջանցքի շրջափակման միջոցով համակենտրոնացման ճամբար է ստեղծել ԼՂՀ տարածքում։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս ի վիճակի չէ չեղյալ համարել 2020 թվականի հայտարարությունը և ռուս օկուպանտներին վտարել Արցախից, ուստի պետք է մասնակցի Կրեմլի բանակցություններին և չվախենա կոշտ խոսելուց և ստորագրությունն այդ թղթից հետ կանչելու սպառնալիքներից, երկրի ղեկավարության երեսին ամեն ինչ ասելուց։ Այն ղեկավարության, որը փաստացի Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին իրականացրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։
-Կարծում եք՝ արևմուտքն ու Ռուսաստանը Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ տարբերվո՞ղ մոտեցում ունեն։
–Բնականաբար, թեև պետք է նշեմ, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը շահագրգռված չեն հակամարտության սրմամբ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով գլոբալ խարխլված իրավիճակը, որը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է տարածել պատերազմի կրակն աշխարհի այլ կետերում: Բնական է նաև, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը փորձում են շահարկել բանակցությունները։ Արևմուտքը ամեն կերպ փորձում է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա և, ի վերջո, հասնել Հայաստանից և Արցախից ռուսական զինված ուժերի դուրսբերմանը։ Իսկ Ռուսաստանը բանակցությունների միջոցով փորձում է նվազեցնել Հայաստանի (ինչպես իրեն թվում է) սողալը դեպի արևմուտք՝ մոռացության մատնելով Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր բարեկամությունը»։









































