Միջին տարիքի կանայք, որոնք փոքր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում: Այս մասին վկայում են ամերիկացի գիտնականների հետազոտությունները: Հարվարդի համալսարանի հասարակական առողջության դպրոցի իրականացրած լայնամասշտաբ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 50 տարեկանից բարձր կանայք, որոնք մի տեսակի ալկոհոլ են օգտագործում շաբաթվա 5-7 օրերի ընթացքում, ավելի լավ առողջություն են ունենում տարեց հասակում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում կամ երկու և ավելի տեսակներ են օգտագործում: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Հետազոտությունը սկսվել է 1976թ.-ից, որին մասնակցել են 14 հազար կամավորներ: Պարզվել է, որ մի տեսակի ալկոհոլ օգտագործողները 50%-ով ավելի առողջ և «հաջող» ծերություն են ունեցել: Ծերությունը «հաջող» է համարվում, երբ մարդիկ ապրում են մինչև 70 տարեկան` չտառապելով քաղցկեղից, սրտի կամ խրոնիկ հիվանդություններից: Փորձագետներն այս հետազոտության արդյունքները զգուշավոր են ընդունել` նշելով, որ փոքր քանակությամբ ալկոհոլը լավ է ազդում առողջության վրա, սակայն այդ չափաբաժինը չպետք է գերազանցվի:







































