Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա-Իսպանիա միջկառավարական 3-րդ նիստը, որից հետո երկու երկրների վարչապետեր Ռեջեփ Թայյիփ Էրդողանն ու Ժոզե Լուի Սապատերոն համատեղ մամլո ասուլիս են տվել։
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) խնդրին. «Մենք տվյալ հարցով կառավարական մակարդակով լայն քննարկումներ ենք ծավալել և համապատասխան որոշում ընդունել։
ՌՏԿ-ի տեղակայումը բացասական (ապակայունացնող) էֆեկտ չի ունենա, և սին են այդ մասին խոսակցությունները։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և դրա շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունները մանրամասնորեն ուսումնասիրվում են մեր արտգործնախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Թուրքիայի կառավարության որոշումը. «Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհավորել թուրքական կառավարությանը այդ որոշման ընդունման կապակցությամբ։ Թուրքիայում տեղակայվելիք ՌՏԿ-ն ուղղված չի լինի նրանց դեմ, ովքեր մտադիր չեն հարձակում գործել ալյանսի վրա։
Այդ ՌՏԿ-ն Հյուսիսատլանտյան բլոկի հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևոր տարրն է։ Տվյալ համակարգը կրում է բացառապես խաղաղ բնույթ, այն ուղղված կլինի միայն նրանց դեմ, ովքեր պոտենցիալ առումով կարող են վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի համար»։











































