Եթե Հայ Առաքելական եկեղեցու դռները բաց են բոլոր հավատացյալների համար, ապա Նոր Խարբերդում գործող «Աստծո զինվորներ» կոչվող կրոնական կազմակերպության դռները թվայնացված են և բացվում են հատուկենտ մարդկանց առաջ: Ասում են, որ նույնիսկ իրավական կառույցների ներկայացուցիչների առաջ այդ դռները չեն բացվում:
Մենք անձամբ ուղևորվեցինք այնտեղ` պարզելու համար, թե «Աստծո զինվորներ» կրոնական կազմակերպությունը ի՞նչ գործունեություն է ծավալում: Հատկապես այն դեպքում, երբ կրոնական կազմակերպությունը ղեկավարող Շողեր Խաչատրյանի անվան շուրջ ծանր մեղադրանքներ են հնչում: Դրանցից ամենածանրն այն է, որ կառույցը զբաղվում է թրաֆիքինգով. տղամարդիկ ծառայի կարգավիճակում են, իսկ կանայք` սեռական ծառայություն մատուցողի: Ասվում է նաև, որ նա 1995թ. դատապարտվել է խուլիգանության համար: 2001թ. նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության մեղադրանքով: Ի դեպ, նա պահանջում է, որ իրեն Մաստեգրա անվանեն: Վերջերս նա խաբեությամբ վաճառել է իրեն պատկանող կրոնական կառույցի հետևորդներից երկուսի տները` իբրև կառույցին հանգանակություն մատուցելու նպատակով և յուրացրել ողջ գումարը: Ապա 3 ամիս մնալով Ազգային անվտանգության մեկուսարանում` ազատ է արձակվել: Դեպքի առնչությամբ մեծ աղմուկ են բարձրացրել Եվրախորհրդի տարբեր կառույցներ, իրավապաշտպան մարմիններ` կատարվածը որակելով որպես Հայաստանում կրոնական կառույցների գործունեության ճնշման և կրոնական անհանդուրժողականության դրսևորում:
Նոր Խարբերդում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար մենք նախ զրուցեցինք Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանի հետ, ով նշեց, որ 8-10 տարի է, ինչ շենքը կա, և կառույցն աշխատում է, մարդիկ են գնում-գալիս: Գյուղապետի դիտարկմամբ` սովորական մարդիկ և կրոնական կառույցները իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխ շենք կառուցել: Նա միաժամանակ նկատեց, որ Խարբերդի Ամառանոցային թաղամասը Շենգավիթ վարչական շրջանի մեջ է մտնում, և քանի որ դա իրենց իրավասության տակ չէ, չեն կարող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Ինչ վերաբերում է Խարբերդի բնակիչներին, ապա հասկանալի պատճառներով նրանք չհամաձայնեցին ներկայանալ, որ հետագայում, ինչպես իրենք էին մտավախություն հայտնում, Շողերի հետ խնդիրներ չունենան:
Խարբերդի բնակիչները պատմեցին, որ «Աստծո զինվորների» ծիսակարգը տեղի է ունենում շաբաթ և կիրակի օրերին, սկսում է հովն ընկնելուն պես,- ֆիքսված ժամ չկա,- և շարունակվում է մինչև գիշերվա 4-ը: Այդ ընթացքում նրանք բարձրախոսով երգում են, օտարալեզու գրականություն ընթերցում, ծիծաղում, ծափահարում և անմարդկային ձայներ հանում: Իսկ աղմուկը շատերին և հատկապես երեխաներին թույլ չի տալիս քնել, հոգեբանորեն ճնշում է: Բնակիչների փոխանցմամբ` կրոնական կազմակերպությանը հիմնականում անդամագրվում են երիտասարդները, բայց նրանց շարքերում կան նաև ընտանիքներ: Ավելին` 50 տոկոսը մեծահարուստներ են: Վերջերս էլ մի ընտանիքի ճանապարհել են Իսրայել, թե ինչ նպատակով` հայտն չէ:
Հարկ է նկատել, որ Նոր Խարբերդում բոլորը գիտեին այդ կառույցի մասին և ծանոթ էին Շողեր Խաչատրյան անունով կնոջը: Մեր հարցին` «Աստծո զինվորները»` Շողեր Խաչատրյանի գլխավորությամբ, իրենց անհանգաստացնո՞ւմ է, մեծամասնությունը պատասխանեց` աղանդի լավը ո՞րն է, իհարկե անհանգստացնում է: Ավելին` այդ կնոջը հաջողվել է Խարբերդի Ամառանոցային թաղամասի 9-10-րդ, 11-րդ փողոցները վերաբնակեցնել իր հետևորդներով: Խարբերդցիների պատմելով` մարդիկ Հրազդանից, Երևանից և այլ բնակավայրերից իրենց տները վաճառում են և գալիս վերը նշված փողոցներում վերաբնակեցվում` բնականաբար վաճառքի գումարից բաժին հանելով նաև տիկին Շողերին:
Միաժամանակ ահազանգեցին, որ Նոր Խարբերդում «Աստծո զինվորների» ավան է արդեն ձևավորվել, և չի բացառվում, որ առաջիկայում այդ կինը ավանի ղեկավար էլ դառնա: Չնայած դե ֆակտո արդեն այդ համայնքի ղեկավարն է: Բնակիչներից նաև տեղեկացանք, որ 1.5 ամիս է, ինչ Շողերը Նոր Խարբերդում չի երևում` մեկնել է Բելգիա, բայց հասցրել է այնտեղից հագուստներ ուղարկել և բաժանել «Աստծո զինվորներինե: Մեր այն դիտարկմանը, թե Շողերը մարդկանց ինչո՞վ է շահագրգռում` նրանցից մեկն ասաց, որ անձամբ իր հարևանը, ով համալրել է նրանց շարքերը, ուտելու հաց անգամ չի ունեցել, և Շողերը ամիսներ շարունակ նրան կերակրել է, այնուհետև ապաստանել իր օջախում: Բացի այդ, համայնքում ջրագիծ է քաշում, փողոցներն է ասֆալտապատում և այլն, և այլն:
Շատերը մեզ հետ զրույցում Շողեր անունը լսելիս արդեն իրենց վատ էին զգում և առաջարկում նրա տարածք չգնալ: «Այդ կնոջից ամեն ինչ կարող եմ սպասել, քանի որ նրանից ահավոր վատ էներգիա եմ ստանում: Մի անգամ տեսել եմ ու ահավոր վատ եմ զգացել, կարծես սատանայի ճուտ տեսած լինեի: Նրա մեջ մեծ բիոդաշտ կա, որով կարող է մարդկանց իշխել, նա մասնագիտությամբ բժշկուհի է եղել»,- մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը: Հատկանշական է այն հանգամանքը, որ բոլոր թաղամասերում դժգոհում էին Շողեր Խաչատրյանից և այդ կրոնական կազմակերպության գործունեությունից:
Երբ մտանք Շողեր Խաչատրյանի կողմից վերաբնակեցված Նոր Խարբերդի Ամառանոցային թաղամասի 9, 10, 11-րդ փողոցներ, մեզ անչափ ագրեսիվ դիմավորեցին, թեև չխոստովանեցին, որ աղանդի անդամներ են, բայց Շողեր Խաչատրյանին ներկայացրեցին որպես սուրբ և մեծ բարերար` հավատացնելով, որ ոչ մի կրոնական հավաք այդ շենքում չի կատարվում: Ավելին` մեր այցի մասին անմիջապես տեղեկացրին շենքում գտնվողներին: Րոպեներ անց մեր առջև բացվեց դարպասը, և երեք կին գոռգոռոցով հետաքրքրվեցին, թե ի՞նչ ենք ուզում: Որոշ չափով հանդարտվելուց հետո, նրանք ներկայացան որպես Շողեր Խաչատրյանի աղջիկներ և բացառեցին, որ իրենք նման գործունեություն են ծավալում: Հարևաններից մեկը նույնիսկ մեզ ցույց տվեց իր Աստվածաշունչը, բայց երբ աղջիկներից մեկը նկատեց, որ մենք ուշադրություն դարձրեցինք գրառումների վրա, անմիջապես հրամայեց այն մի կողմ տանել: Բանն այն է, որ աղանդավորական խմբերի Աստվածաշունչը շատ մաշված է լինում և գծած, քանի որ իրենք ամեն օր օգտվում և թերթում են Աստվածաշունչը:
Թաղամասի բնակիչներից մեկը շտապեց իր գոհունակությունը հայտնել` նշելով, որ մեծն բարերար տիկին Շողերի կազմակերպությունը օգնել է, որ ջրագծեր քաշվեն: Իսկ երբ հարցրեցինք, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, որպես նրա աղջիկներ ներկայացածները խոսքը փոխեցին` նշելով, թե խոսքը ջրագծերը քաշող, ասֆալտապատող կազմակերպության, պետության մասին է: «15 տարի է` այստեղ ենք, Եհովայի վկաների նման ոչ կնունք, ոչ ծնունդ, ոչ բժշկություն, ոչ բանակ չենք հերքում, կարդում ենք Նարեկացի, Տաթևացի և հավատում Սուրբ Երրորդությանը: Իսկ տիկին Շողերը 2 տարի է Հայաստանում չի ապրում: Սկզբնական շրջանում Ռուսաստանում էր, իսկ այսօր արդեն այլ երկրում է»,- ակնհայտորեն ստելով` եզրափակեց նրա աղջիկներից մեկը:
Ի դեպ, «Աստծո զինվորներ» կրոնական կազմակերպության դղյակի նմանվող շենքի դռները մեր առաջ ևս չբացվեցին:
Ստեղծված իրավիճակներին հավաստի գնահատական տալու համար գործադիրը պետք է ընդունի համապատասխան օրենք, որը հնարավորություն կստեղծի բոլոր կրոնական կառույցները հսկել: Բացի այդ, գործադիրը պետք է պատրաստի մասնագետներ, ովքեր կարողանան ժամանակին և օպերատիվ գնահատականներ տալ, փորձաքննություններ կատարել: Այնինչ` այսօր մենք ոչ նման օրենք ունենք, ոչ էլ մասնագետներ:









































