Yahoo! ընկերության տնօրենների խորհուրդը երեկ աշխատանքից հեռացրել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Քերոլ Բարցին, ընդ որում՝ վերջինս դրա մասին իմացել է հեռախոսով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նամակի տեքստի համաձայն, որը Բարցն ուղարկել է իր նախկին աշխատակիցներին, նա զարմացել է, երբ իմացել է նման որոոշման մասին. «Ցավով նշում եմ, որ Yahoo! ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հեռախոսով հայտնել է ինձ իմ պաշտոնանկության մասին»: Հայտնի է, որ Բարցի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ընկերության ֆինանսական տնօրեն Թիմ Մորսը:
Հիշեցնենք, որ մինչև 2000-ականների սկիզբը Yahoo! ընկերությունը ամենահայտնի որոնողական համակարգն էր համացանցում, սակայն 10 տարի առաջ այդ տեղը սկսեց զիջել Google-ին: Yahoo!-ն սրանից հետո փորձեց համացանցում գտնել իր տեղը, սակայն տապալվեց թե՛ խոշորագույն Microsoft ընկերության հետ համագործակցության հարցում, թե՛ նոր սոցիալական ցանց ստեղծելու գործում: