Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։
Այս փոփոխությամբ ստեղծվելու են իրավական հիմքեր կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար։ Այն հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում ըստ անհրաժեշտության արագ ներգրավել մեծ թվով կամավորների ու նաև բացի այդ կամավորներին ներգրավել նաև պետական կառույցներում ու քաղաքացիներին հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտական փորձառություն, որը հնարավորություն կտա հետագայում ավելի հեշտությամբ ձեռք բերել աշխատանք։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար փորձառություն է համարվելու՝ կամավորներին ընձեռնելով ունենալ նաև առողջության ու ապահովագրության երաշխիքներ։
Ստեղծվելու է թվային հարթակ, որում հնարավորություն է լինելու հնարավոր կամավորական աշխատանքներին ու բացի այդ նաև քաղաքացիները հնարավորություն կունենան այս կամ այն վայրում կամավորություն անելու հայտ ներկայացնելու։
Անդրադառնալով փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն հնարավորություն կտա լուծել ոլորտում առկա մի շարք հարցեր: «Առաջին՝ այն կխթանի աշխատանքի շուկա նոր ուժերի ներգրավմանը: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքային փորձառություն: Այսպիսով, կամավոր աշխատանքը կհամարվի նաև մասնագիտական փորձառություն աշխատանքի ընդունվելու պարագայում: Հաջորդ առանձնահատկությունն այս նախագծի մշակութային և քաղաքակրթական կարևորությունն է՝ հանրային համերաշխության և հանրային փոխօգնության առումով: Կամավոր աշխատանքը կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում և այլ վայրերում»,-ասել է վարչապետը:
Վարչապետը նաև ընդգծել է, որ օրենքը պետք է այնպիսի հստակ կարգավորումներ ունենա, որը կբացառի տվյալները կեղծելու հնարավորությունը. «Հանձնարարել եմ նաև, որ մենք կամավորության թվային հետագծելիության մեխանիզմ ստեղծենք, որպեսզի կամավորությունը ոչ թե թղթային, այլ թվային կերպով անձնագրվի։ Եվ շատ կարճ ֆորմալ հաշվետվողականության որոշակի մեխանիզմ ստեղծի, երբ կամավորը հնարավորություն կունենա ներկայացնելու, թե որտեղ, երբ ու ինչ աշխատանք է իրականացրել»։









































