Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս զեկույց ներկայացրեց, որը պատրաստվել էր հենց Վարդանյանի պատվերով։ «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցը պատրաստել էր հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը։
Վարդանյանը, անդրադառնալով զեկույցին, նշել է, որ սա կարևոր գործիք է, եթե իրենք ուզում են միջազգային կազմակերպություններից և երկրներից օգնություն ու աջակցություն ստանալ: Բայց, ըստ Վարդանյանի, չեն կարողանում ճշգրիտ, պրոֆեսիոնալ՝ միջազգային մակարդակով ներկայացնել, թե օրական ինչքան կորուստ է ունենում Արցախի տնտեսությունը։
Ռուբեն Վարդանյանն անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությանն, ասել է, որ 144 մլրդ դրամ աջակցությունից 60 մլրդ-ը Արցախը պետք է մուծի բանկերին, իսկ դա նշանակում է, որ այդ գումարն Արցախի տնտեսություն չի մտնում։
«Իրավիճակն ավելի լուրջ է։ Մենք ունեցել ենք բյուջետային դեֆիցիտ, որն այս տարի կկազմի մոտ 29 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, ունենք սուր ֆինանսական ճգնաժամ, որին Արցախի և ՀՀ կառավարություններն այդքան ժամանակ չեն տրամադրում։ Ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվելու»,-ասել է նախկին պետնախարարը։
Նշենք, որ օրերս Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց արդյունքները, որոնք ենթադրաբար օգտագործվել կամ կարող են օգտագործվել Արցախի Հանրապետության դեմ և ի վնաս Արցախի Հանրապետության ժողովրդի:
«Պատերազմական գործողություններից ու մարդկային և տարածքային կորուստներից հետո ցանկացած պետությունում խաթարվում է ներքին կյանքի բնականոն ընթացքը, խզվում է քաղաքացի-պետություն կապը, պետական մարմինների նկատմամբ ձևավորվում է անվստահության բարձր մակարդակ, միմյանց նկատմամբ ձևավորվում է թշնամություն, ատելություն: Այդ վիճակը պարարտ հող է պարունակում հակառակորդի համար, որը նման իրավիճակներում փորձում է ձեռնարկել ու ձեռնարկում է տեղեկատվական գրոհ ենթադրող գործողություններ՝ հասարակության աչքերում պետական մարմիններին, պետական ինստիտուտներին, պաշտոնատար անձանց նսեմացնելու, հեղինակազրկելու համար, որի վերջնական նպատակը երկիրը ներսից թուլացնելն ու ներքին կյանքում քաոսային ու խուճապային վիճակներ և տրամադրություններ ստեղծելն է»,-նշել է պետնախարարը:
Պետնախարարը թեև անուններ չի նշում, սակայն հստակ է, որ խոսքը նախկին պետնախարարի ծավալած գործունեության մասին է: Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի և Արցախի իշխանությունների միջև կա հակասություն:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում այն օրվանից, երբ Կրեմլի հրամանով Ռուբեն Վարդանյանը եկավ Արցախ, այդ օրվանից հակասությունները սկսվել են, իսկ հիմա ժամանակն է, որ Վարդանյանը հեռանա Արցախից. «Մավրն իր գործն արեց, Մավրը պետք է հեռանա»: Իհարկե, նա եկավ, որ ռուսական ազդեցությունն Արցախի վրա մեծացնի, բայց պարզվեց, որ նա դրա համար շնորհք չուներ: Նա տապալվեց, տապալվեց նաև Ալիևի ջանքերով: Իսկ իրականում նրա խնդիրը ո՞րն էր… նա եկել էր՝ Արցախը լարելու Հայաստանի դեմ, ինչպես նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարելու: Մենք տեսանք, որ ժողովուրդը թքած ունի նրա ցանկացած նախաձեռնության վրա, հավատարիմ է մնում իր ձևավորած իշխանությանը»,-ասաց Շիրինյանը։
Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, իր հայ օտարահպատակ գործակալներին օգտագործում է «փալասի» նման և դեն շպրտում. «Նա Կրեմլի համար այլևս ոչինչ է, նրա ձեռքից հնարավոր է գումարներն էլ վերցնեն։ Նրան Արցախ ուղարկեց Կրեմլը, Արցախի համար իբր պիտի մեռներ, բայց պարզվեց հիմա փախչում է։ Մոսկվան իրեն հանձնված ցանկացած հայ տղամարդու օգտագործում է մինչև վերջ փողոցում կանգնած պոռնիկի նման, ապա շպրտում, ինչպես շպրտեց Աղասի Խանջյանին»,-հավելեց քաղաքագետը:











































