ԱՄՆ-ում հասցրել եմ ձայնագրել մեկ նոր ռիթմիկ երգ, որը կոչվում է Dance և ավելի շատ ամերիկյան ստանդարտների երգ է, քանի որ պատրաստել են ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱՄՆ-ից ժամանած երգչուհի Էմմին, ով սեպտեմբերի 1-ին մասնակցել է Բևերլի Հիլզում բացված` «Եվրատեսիլ»-ում իր երգի պատվին անվանված Boom-Boom գեղեցկության սրահի պաշտոնական բացմանը:
«Այդ երգի շուրջ համագործակցությունը եղավ հենց այն հեղինակների հետ, ովքեր աշխատել են Քրիս Բրաունի, Սնուփ Դոգի հետ»,- ուրախությամբ նշեց երգչուհին` հավելելով, որ արդեն բանակցություններ է վարում Ապրիկոտայի, Դերհովայի, Նիկ Եգիբյանի, դիջեյ Սերժոյի հետ: Նա տեղեկացրեց նաև, որ բանակցություններ են ընթանում երկու խոշոր նախագծերի շուրջ, որոնց հեղինակը Նադեժդա Սարգսյանն է: Երգչուհին չցանկացավ մանրամասնել, սակայն հայտնեց, որ դրանք լինելու են հայ-ամերիկյան հեռուստատեսային նախագծեր և կյանքի են կոչվելու Հայաստանում: Նա հայտնեց նաև, որ ներկայում բանակցություններ են ընթանում հեռուստաընկերությունների հետ, և որը ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերի, նրա հետ էլ կհամագործակցեն:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծի շրջանակում հայ և վրացի երաժիշտների համագործակցությանը ու դրան իր մասնակցությանը, ապա Էմմին հայտնեց, որ ինքը չի մասնակցելու նախագծին: «Ի սկզբանե, ծրագրում ես կայի, բայց քանի որ ինչ-ինչ խնդիրներ եղան Հանրային հեռուստաընկերության հետ, ծրագրից դուրս եկա: Ուղղակի իրար չհասկացանք: Նրանք սիրում են ինձ այդպիսի նվերներ մատուցել»,- ասաց երգչուհին`ավելացնելով, որ դեռ կհանդիպի Հանրայինի տնօրինության հետ ու կհասկանա խնդրի էությունը: Միայն դրանից հետո, ըստ երգչուհու, պարզ կլինի` կհամագործակցի՞ Հանրային հեռուստատեսության հետ առհասարակ, թե՞ ոչ:






































