Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության փաստաթուղթը: Այս մասին հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը։
Այժմ այդ փաստաթուղթը կհանձնվի ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին։ Դրանից հետո հանրապետությունը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամը։ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ստորագրման պահն անվանել է «պատմական»։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման փաստաթղթերը հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
ՆԱՏՕ Ֆինլանդիայի ընդունման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր Բրյուսելում՝ կազմակերպության կենտրոնակայանում, որտեղ նույն օրը բացվում է դաշինքի արտաքին գործերի նախարարների երկօրյա պլանային հանդիպումը։ Դրան կմասնակցեն Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն և պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
Հանրապետությունը կդառնա դաշինքի 31-րդ անդամը։ Ֆինլանդիան Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել 2022 թվականի մայիսին:
Սակայն Թուրքիայի և Շվեդիայի միջև լարվածության պատճառով Անկարան շարունակում է արգելափակել Ստոկհոլմի անդամակցումը՝ նշելով, որ ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ փախստականներին արտահանձնելու վերաբերյալ պահանջները չեն բավարարվել: Կողմերի միջև հարաբերությունները լարվել են նաև Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպի պատճառով:







































